Ինքնամուսնություն

Ու ՆՈՐԻՑ ՔԱՆԻՍՆ ԵՆ ԱՍԵԼՈՒ՝ «ԿԱՆԳՆԻ՛Ր, ՄՈԼՈՐԱԿ, ԻՋՆՈՂՆԵՐ ԿԱՆ»

Սոլոգամիա. այսպես է կոչվում հերթական ինքնախաբկանք-շեղումը, որին, պարզվում է՝ քիչ աղջիկներ չեն հակված:
 
Չամուսնացյալ, բայց ամուսնացած լինել երազող աղջիկները հիմա արդեն ազատորեն կարող են ասել, որ երջանկության համար պարտադիր չէ սիրահարվել և ընտանիք ստեղծել:
 
Կան և այնպիսիք, ովքեր սիրում են միայն իրենց ու երկրորդ կեսի կարիք այլևս չունեն: Իրենց կյանքում նման մարդիկ ամեն ինչից հաջողությամբ գլուխ են հանում՝ առանց օգնության:
 
Միայնակների մի տեսակ կա, սակայն, որի ներկայացուցիչները ամուսնացած-մենակյաց լինել են ուզում: Սրանց համար նույնիսկ հատուկ եզրույթ է հորինվել՝ «սոլոգամ», որը գուցե կարելի է նաև թարգմանել «ինքնատեր»: Սա նման է այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են մոնոգամը (միամուսնություն կամ միակնություն) և պոլիգրամը (բազմամուսին կամ բազմակին): Միայն այս դեպքում «սոլո» նախածանցը նշանակում է «ինքս»: Ժամանակակից աշխարհում, որտեղ ամեն ինչ թույլատրվում է, հնարամիտ շեղվածները կարող են իրենք իրենց հետ կնքել ամուսնություն: Որևէ մեկին վիրավորելու նպատակ չունենք, պարզապեսոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում «ամուսնություն ինքդ քեզ հետ» մոլորությունը: Միայնակը միայնակ է. էլ ի՜նչ ամուսնություն:
 
Սոլոգրամիա կոչվածը, թերևս, ինչ-որ ձևով ինքնատիպ երևալու, նկատվելու բուռն ձգտում է, կամ, գուցե հակառակ սեռին ուղղված ընդվզում ու հանդիմանանք: Մինչդեռ հնարամիտ ֆեմինիստուհիների և ինքնասիրահարված նարցիսների կարծիքով՝ դա նորաձևության միտում է, կարծրատիպերից հրաժարվելու ձգտում: Նորից հարցնենք՝ միայնակ լինելու կարծրատիպը ո՞րն է: Տարրական փաստ է՝ մարդիկ սկզբունքորեն կամ ճակատագրի բերումով ընտանիք չեն կազմում ու ապրում են միայնակ: Հիմա ո՞րն է նրանց և ինքն իր հետ «ամուսնացյալ» միայնակների տարբերությունը: 
 
Բայց արի ու տես, որ սոլոգամները նաև ինքնագոհ են: Ահավասիկ, ամերիկուհի գրող Սաշա Կագենը երջանիկ է ինքնամուսնությամբ: Նա կարծում է, որ երբ մարդը ժամանակ է ծախսում, որպեսզի իսկապես սիրի իրեն, այդժամ նա սկսում է սիրով վերաբերվել նաև շրջապատի մարդկանց: 
 
Բայց ի՞նչ լեզվով նրան հասկացնես, որ սիրելու համար ժամանակի ծախս չի պահանջվում. զգացմունքն, ընդհանրապես, ոչ թե աշխատատար գործընթաց է, այլ ինքնաբուխ զգացողություն: Դե, 21-րդ դարում արմատապես փոխվել է ընտանիքի գաղափարը: Մի շարք երկրներում միասեռ ամուսնություններ են թույլատրվում, ոմանք կազմակերպում են հարսանիքներ ընտանի կենդանիներ և առարկաների հետ: Արդ, սոլոգամիայով ինչո՞ւ զարմանանք:
 
Ինչպես տեղեկացրել է newrezume.org-ը՝ հոգեբանները վստահ են, որ հետմոդեռնիստական անհատականությունը մեծապես ազդել է ժամանակակից հասարակության վրա: Դրա հայեցակարգի համաձայն՝ մարդը պատասխանատու է իր երջանկության համար և պետք է աշխատի սեփական շահերի համար: Բժիշկները դա այնքան էլ  լավ բան չեն համարում, որովհետև համոզված են՝ ընտանիքի այս ձևը հանգեցնում է պտղաբերության անկման և կարող է ավելի լուրջ հետևանքներ առաջացնել: Սոցիոլոգների համոզմամբ էլ՝ սոլոգամիայի առաջացումը ցուցանում է, թե որքան քայքայված է արևմտյան հասարակությունը:
 
Իսկ այսպիսի ամուսնություններն արդեն տարածված են Ֆրանսիայում, Ամերիկայում, Հոլանդիայում, Բրիտանիայում ու նույնիսկ ասիական երկրներում: ՄԱԿ-ի տվյալներով՝ եվրոպական երկրների մեծ մասում ամուսնական զույգերի 40% -ը ամուսնալուծվում է, իսկ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը գերազանցել է 50% -ը: Եվ ահա մեծ «մխիթարանք»՝ ինքնամուսնությունները կբացառեն ամուսնալուծությունները: Այնուամենայնիվ, այս շարժումը թափ է հավաքում՝ դրանք պաշտոնական իրադարձություն դարձնելու միտումով: