Արտերկրյա հյուրերից մարդիկ կարծես չեն վախենում

Այլմոլորակայինների գոյության խնդիրը երկրաբնակներին հանգիստ չի տալիս: Սրա մասին տարբեր հրապարակումներ են արվում, գրքեր են գրվում ու ֆիլմեր նկարահանվում, սակայն նրանց գոյությունը ո՛չ կտրկանապես ժխտվում է, ո՛չ էլ անժխտելիորեն հաստատվում:

Ինչ էլ լինի` մարդիկ անհնար չեն համարում նրանց հետ հանդիպումը: Եվ ահա ամերիկացի հետազոտողների մի խմբի հետաքրքրել է, թե մարդ արարածն ինչպես է վերաբերվում նրանց ներկայությանը` դրականորե՞ն, թե՞ բացասաբար:

Արիզոնայի համալսարանի գիտնականները` Մայքլ Վարնումի ղեկավարությամբ, սկսել են թեմային առնչվող տեղեկատվական հաղորդագրություններ հավաքել և վերլուծել դրանցում օգտագործված լեզվաբանական ձևակերպումները: Օգտվել են բաբախող աստղերից 1967թ. նոյեմբերին որսված ազդանշաններին վերաբերող տեղեկատվությունից, ուսումնասիրել են մարսյան քարացած մանէների մասին պնդումները, Թաբի աստղի տարօրիակ առկայծման վերաբերյալ նյութերը:

Նաև ուշադրություն են դարձրել հեռավոր աստղերի վրա կյանքի գոյության համար պիտանի էքզոմոլորակների վերաբերյալ հրապարակումներին: Ու պարզել են, որ դրանք այլմոլորակայիների ներկայության վերաբերյալ դրական վերաբերմունք են արտահայտում: Ստացված արդյունքները գիտնականները հրապարակել են National Geographic ամսագրում:

- Իհարկե, ես կասեի` եթե թշնամաբար տրամադրված նավատորմը մոտենա Յուպիտերին, մենք դրանից ամենևին չենք ուրախանա,- Տեխասի նահանգային կենտրոն Օսթինում կայացած Գիտության զարգացման ասոցիացիայի գիտաժողովում ասել է Վարնումը:

Տարօրինակ է, որ ամերիկյան հնդկացիների երբեմնի հայրենիքում առոք-փառոք կյանք վարող ամերիկացին այլմոլորակայիններից վտանգ է տեսնում միայն Յուպիտերի համար: Մարդու հիշողությունն, իրոք,  կարճ է: Մինչև հիմա պատմությունը միայն մեկ նախադեպ ունի, ըստ որի` օտար հողում հայտնված հզորների խումբը չի ձգտում ստրկացնել ու շահագործել գիտելիքներով, զարգացածությամբ ու զինատեսակներով իրենից թույլ բնակիչներին: Մի՞թե նույն Ամերիկան չնվաճվեց ու բնիկաթափ չեղավ Եվրոպայից եկած զավթիչների կողմից: Էլ ինչո՞ւ պետք է այլ մոլորակների բնակիչները խնայեն մարդկությանը կամ նրան բարիքներ բերեն` երբ այնքան հզոր կլինեն, որ միջմոլորակային ճամփորդություններ կկարողանան իրականացնել: 

Ինչ մնում է միակ բացառությանը, դա էլ վերաբերում է հայության առաքելությանը: Այսօր հնագիտական ու այլ կարգի բազմաթիվ տեղեկություններ ապացուցում են, որ իր լեռնոտ հայրենիքից անթիվ ճառագայթներով ձգվելով դեպի աշխարհի տարբեր կողմերը` հայը տեղաբնիկներին գիտելիքներ է հաղորդել կենցաղավարության, մետաղաձուլության, հողի մշակության, շինարարական արվեստի, մարդկային բարքերի, մարդուն մարդ դարձնող այլ բաների վերաբերյալ: Սրանից ելնելով` կարող ենք չբացառել, որ որևէ այլ մոլորակի բնակիչներ ևս նույն առաքելությամբ Երկիր գան:

Հայության վերաբերյալ սա մի ճշմարտություն է, որը ժամանակակից պատմագրությունը փորձում է ամեն կերպ պարտակել: Այնպես որ` չի բացառվում, թե այլմոլորակայինների գոյության մասին ճշմարտությունը նույնպես արգելանքի տակ է: