Հազարավոր արձանիկներ՝ եգիպտական քրմի դամբարանում

Եգիպտոսի հինավուրց հողը բազմաթիվ գաղտնիքներ է ամփոփում, որոնք ժամանակ առ ժամանակ բացվելով՝ նորանուր զարմանալի տեղեկություններով ու գտածոներով հարստացնում են մարդկության պատմությունը: Նման մի բացահայտում արվել է բոլորովին վերջերս՝ ուսումնասիրողների տրամադրության տակ դնելով մի ամբողջ ստորերկրյա գերեզմանատուն՝ նեկրոպոլիս: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի հնությունների նախարարությունը՝ միաժամանակ նշելով, որ նոր հնավայրը գտնվում է Կահիրեից հարավ ընկած Էլ-Մինյա քաղաքի մոտակայքում:
 
Ընդամենը երեք ամսում հետազոտողները բացել են ութ դամբարան, որոնք վերագրվում են ուշ շրջանի փարավոններին և առաջին Պտղոմեոսներին: Հայտնաբերված շիրիմներ և գտածոների զգալի մասը պատկանում է Թոթ աստծո քրմերին: Դամբարաններից մեկում գտնվել են 1000-ից ավելի արձանիկ և լավ պահպանված գիպսե չորս բեռնարկղ՝ գաղափարագիր գրություններով: Հայտնի է, որ Հին Եգիպտոսում դրանց տարողությունն օգտագործվել է ննջեցյալների զմռսած օրգանները պահելու համար:
 
Նույն դամբարանում հայտնաբերվել է հենց իր՝ քրմի մումիան: Նրա վրա կարմիր և կապույտ ուլունքներ են եղել և ոսկեջրած բրոնզե զարդեր: Այս եզակի դամբարանում եղել է 40 քարադագաղ՝ սարկոֆագ: Հնագետները ենթադրում են, որ դրանց մեջ հուղարկավորվել են քրմի ընտանիքի անդամները: Դրանց վրա եղած գրությունները մեր ժամանակներին են հասցրել ննջեցյալների անունները: Իսկ լավ պահպանված չորս ապակե տարաների կափարիչները պատկերել են Հոր աստծո չորս որդիներին: 
 
Անչափ խորհրդանշական է, որ հենց ամանորի գիշերը հնագետները գտել են մի վզնոց, որի վրա դաջված նշագրերն ազդարարել են՝ երջանիկ նոր տարի:
 
- Այդ գերեզմանոցում աշխատելու համար ամենաքիչը հինգ տարի է անհրաժեշտ,- նշել է Եգիպտոսի հնությունների նախարար Խալել ալ Ամանին,- սա ընդամենը նոր բացահայտումների սկիզբն է:
 
Հայտնի է, որ Հին Եգիպտոսի բանկիչներն ու իշխողներն այդ երկրի այժմյան տերերի հետ էթնիկ ու մշակութային առնչություններ չունեն: Թե որվքեր են ծաղկեցրել Հին Եգիպտոսի կյանքն ու մշակույթը, կառուցել զարմանահրաշ բուրգերն ու հազարավոր արձանիկների ուղեկցությամբ հուղարկավորվել «կահավորված» դամբարաններում՝ եղած ժլատ տեղեկությունները քիչ բան են հուշում: Մեզ գոնե այն էլ է հայտնի, որ հայերը սերտորեն առնչվել են այդ մշակույթի հետ: 
 
Ճիշտ է, այսօր հնարավոր է մումիաների գոնե էթնիկ պատկանելության հարցը դյուրությամբ պարզել, սակայն դա կարծես այնքան էլ չի կարևորվում: Հայկական Արենիում գտնված ուղեղի մնացորդները, օրինակ, Բրիտանիա տեղափոխվեցին, որպեսզի ուսումնասիրվեն, սակայն մինչև օրս ոչինչ չեն հայտնում: Տպավորություն է, թե ինչ-որ ուժերի ձեռնտու չէ քաղաքակրթության ակունքներում իրենց փոխարեն ուրիշներին տեսնել: 
 
Եգիպտոսի տարածքի այօրվա տերերը, թեև մի նշանակալի մշակույթ չեն ստեղծում, սակայն կարողանում են գնահատել ու ներկայացնել իրենց հասած ժառանգությունը: Հենց միայն կառավարության կազմում «Հնությունների նախարարություն» ունենալն արդեն խոսուն փաստ է: