Հարբեցողության դեմ պայքարող ուրվականը

ՆԱԽԿԻՆ ԳԻՆԵՄՈԼԻ ՀՈԳԻՆ ՉԷ՞, ԱՐԴՅՈՔ

Մարդուն միշտ է հետաքրքրել՝ ուրվականներ գոյություն ունե՞ն, թե՞ դրանք որոշ մարդկանց վառ երևակայության պտուղն են: Սակայն երբ մի երևույթի մասին խոսակցությունները չեն դադարում, երբ անգամ Շեքսպիրի նման հանճարն է իր ստեղծագործությունների պսակ «Համլետում» ուրվական-հերոս պատկերում, դրանց գոյությունը անառակելիորեն մերժելն ուղղակի մանրախնդրության է վերաճում:
 
Համենայնդեպս՝ կյանքում տեղի են ունենում առեղծվածային երևույթներ, որոնց համար մարդիկ այլ բացատրություն չենք գտնում, քան հանդերձյալ աշխարհից անտեսանելի մարմնով «հյուր» եկած հանգուցյալի ներգործություն:
 
Նման մի երևույթ ալկոհոլային խմիչքների խանութի գնորդին ու վաճառողին համոզել է, որ ուրվականներ ոչ միայն գոյություն ունեն, այլև գործնական պայքար են մղում այնպիսի չարիքների դեմ, ինչպիսիներից է հարբեցողությունը: Սրա մասին տեղեկություն է հրապարակել «120» կայքը:  
 
Գինի գնելու նպատակով խանութ մտած տղամարդը ոչ մի պատկերացում չի ունեցել, որ շուտով վկան կլինի այնպիսի երևույթի, որը շատերը համարում են «պարանորմալ ակտիվություն»: Երբ վաճառողն ու գնորդը գինու շշերով ծանրաբեռն պահարանից մի քանի քայլի վրա են եղել, վերին դարակն ասես մոլեգնել է և մի հարվածով ներքև նետել շշերի կեսը: Անչափ զարմացած գնորդն ու վաճառողը նետվել են հավաքելու դարակին մնացած շշերը, բայց ավելի շատ գործ է եղել հատակը դրա հետևանքներից ազատելու համար:  
 
Նրանք, ովքեր կատարվածի մասին տեղեկացել են համացանցից, ոչ միայն ապացույց են ստացել, որ ուրվականները սոսկ մարդկանց երևակայության պտուղները չեն, այլև համոզվել են, որ դրանցից որոշներն անգամ հարբեցողության դեմ են պայքարում: Մնում է միայն երևակայել, որ շշերը դարակից ցած շպրտող «ուրվականը» այս կյանքում ալկոհոլից այքան է տուժել, որ անդրշիրիմյան աշխարհում հատուկ զորություն է ստացել՝ զգուշացնելու իրենց կյանքը հարբեցողությամբ մսխող մարդկանց: