Մարդիկ անհետ կորչում են առեղծվածային կղզուց

Որքան էլ մարդը փորձում է տեր կանգնել մեր մոլորակի յուրքանչյուր անկյունին՝ արշավախմբեր է կազմակերպում, ուսումնասիրում, փորձում հասնել անգամ ամենավտանգավոր վայրերը, մնում են բազմաթիվ առեղծվածային տեղանքներ, որոնց խորքը թափանցել հնարավոր չէ: Սրա պատճառներից մեկն այն է, որ մենք բնությունը չափազանց պարզեցված ենք ընկալում:
 
Իսկ ի՞նչ կարելի է մտածել մի տեղանքի մասին, որտեղ գնացողները երբեք հետ չեն դառնում: Այդպիսի վայր է Էնվաիտենետ կղզին:
 
Սա բնավ էլ Ամազոնի ջունգլիներում կամ օվկիանոսի անծայրածիր հեռուներում կորած կղզի չէ (գրել է esoreiter.ru կայքը): Այս մեկը միանգամայն սովորական կղզյակ է՝ Քենիայի Ռուդոլֆ հսկայական լճի ամենակենտրոնում: Այնտեղ շատ հեշտ է հասնել անգամ տեղացի բնիկների ամենապարզունակ լաստանավերով: Այդ «կախարդված կղզում», սակայն, ոչ ոք չի բնակվում:
 
Նույնիսկ գիտնականներն ու անբնական երևույթների ուսումնասիրողներն այնտեղ չեն գնում: Ինչպես տեղացիներն են ասում՝ ոչ ոք չի վերադառնում, եթե այնտեղ մնում է «հարկ եղածից ավելի»: Դա է հաստատում նաև  Էնվաիտենետ անունը, որով միայն իրենք են այդ կղզին կոչում: Սա թարգմանվում է «անվերադարձ»: Իսկ պաշտոնական քարտեզներում այն պարզապես նշվում է որպես Հարավային կղզի:   
 
Ռուդոլֆ լճի առափնյա տարածքներում ապրող ցեղախմբերը մի առասպել են պատմում, ըստ որի այդ կղզում ժամանակին այլ վայրերից եկած մարդիկ բնակություն են հաստատել:  1630թ. այնտեղ հիմնադրված գյուղի բոլոր բնակիչներն անհետացել են մեկ ակնթարթում: Քենիացիները  հավատացած են, թե կղզու կենտրոնում բացվում է կրակ ժայթքող մի հսկայական քարանձավ, որն ինչ-որ կերպ ձգում ու կլանում է մարդկանց: Նրանք այդպես են անհետ կորչում: Ուրիշ ավանդազրույցներ էլ պատմում են, թե ով և ինչպես է մարդկանց կղզուց տանում: 
 
Մի քանի անգամ այնտեղ փորձել են բնակություն հաստատել նաև տեղաբնիկները՝ ինչպես օրինակ, էլմոլո ցեղախմբի անդրենածինները: Որոշ ժամանակ անց այս վերաբնակիչները դադարել են իրենց մասին որևէ լուր հաղորդել: Երբ Լոիենգալանի գյուղի բնակիչները կղզի են գնացել, որպեսզի ցեղակիցներից լուր բերեն, այնտեղ ոչ մի կենդանի շունչ չեն գտել. բնակիչներն ասես գոլորշիացել էին՝ թողնելով կացարանները, կահ-կարասին, անգամ կիսավարտ ճաշը…. Այդ ժամանակվանից կախարդված կղզին անմարդաբնակ է: 
 
Իրենց երկրների դրոշներով օվկիանոսներն ակոսող և գաղութներ փնտրող եվրոպացիների աչքից նույնպես չի վրիպել այս կղզին: Դեռևս 18-րդ դարում Հոլանդիայից և  Գերմանիայից արշավախմբեր են ժամանել և բնիկների նախազգուշացումներին ուշադրություն չդարձնելով՝ կղզի են գնացել: Ոչ ոք չի վերադարձել: 
 
Հանելուկային կղզու գաղտնիքը պարզելու վերջին փորձը 1935թ. ձեռնարկել է անգլիացի գիտնականների մի խումբ՝ Վիվիան Ֆուշի գլխավորությամբ: Նրա գործընկերներից երկուսը՝ Բիլ Դայսոնը և Մարտին Շեֆլիսը, ուղևորվել են կղզի և… նույնպես կորել են: Անհանգստացած Ֆուշը նրանց որոնելու համար փրկարարներ է ուղարկել, սակայն նրանք այնտեղ բացարձակապես ոչինչ չեն գտել: Այդ ժամանակ արշավախմբի ղեկավարն ինքնաթիռ է կանչել, որը երկու օր շարունակ օդից «սանրել է» հանելուկային կղզին: Բնիկներին Ֆուշը հեքիաթային պարգևներ է խոստացել, եթե նրանք փնտրեն անհետացած սպիտակ մարդկանց: Ոչ ոք չի համաձայնել: 
 
Այդ ժամանակներից վտանգավոր կղզում միայն կոկորդիլոսներ ու օձերն են ապրում: Մեկ էլ այծեր, որոնք ըստ երևույթին մնացել են կորած վերաբնակիչներից հետո: Նրանք արդեն վայրենացել են և անսովոր արագությամբ բազմանում են: