Անվերծանելի մարդկային հատկանիշներ

Որքան էլ զարմանալի է՝ անգամ ամենաաներևակայելի սարքեր ստեղծող ու դրանք կառավարելու ունակ մարդը դեռևս չի կարողանում բացահայտել սեփական էության որոշ առանձնահատկություններ: Բրիտանական «New Scientist» գիտահանրամատչելի հանդեսը կազմել է մարդկային ամենաանբացատրելի հատկությունների վարկանիշը և ներկայացրել դրանց ենթադրվող բացատրությունը արդի գիտության տեսանկյունից:
 
Ամոթից կարմրելը: Գիտնականների համար իսկական հանելուկ է, թե ինչո՞ւ է անհարմար դրության մեջ հայտնված կամ ստի մեջ բռնված մարդը կարմրում: Չէ՞ որ դրանով իսկույն իմաց է տալիս, որ ինքը մի բանում մեղավոր է: Սրա վերաբերյալ սոսկ աղոտ ենթադրություններ են արվել: Իբր, երբ բնությունը մարդու երեսը կարմիրով է ներկում, նրան զգուշացնում է, որ հաջորդ անգամ չստի: Սա նաև մեղմում է լարված մթնոլորտը՝ դիմացինները նրան ավելի հեշտ են ներում: Համարվում է, որ զարգացման արշալույսին սրա շնորհիվ մարդիկ իրար նկատմամբ պակաս թշնամաբար են տրամադրվել: Եվ ուրեմն ստացվում է, որ քանի դեռ մարդը կարմրելու հատկությունը չի կորցրել՝ հարաբերությունների լարումը չի հասնի կործանարար բարձրակետին:  
 
Ծիծաղ: Հատկապես ի՞նչն է մարդուն մղում ուրախանալ: Գիտնականները ենթադրում են, որ այն անհրաժեշտ է հոգեբանական գործընթացները հավասարակշռելու համար: Օրինակ՝ մեղմելու գրգռվածությունը, լարվածությունը կամ վիշտը: Ծիծաղը իսկական կենսաքիմիական «փոթորիկ» է առաջացնում՝ ծիծաղողի օրգանիզմում արտադրելով արբեցնող բնական նյութեր՝ էնդորֆիններ (այլ կերպ՝ ներքին մորֆին), հակադեպրեսանտներ: 
 
Արվեստի գործեր կերտելու փափագը: Մարդն անկարող է գեղեցկություն չարարել: Այն աչք է շոյում: Միայն թե հիմնականում կիրառական որևէ նշանակություն չունի: Հապա էլ ինչի՞ համար է հարկավոր: Գիտնականները ենթադրում են՝ սա կողմնակի կերպով նպաստում է, որ մարդիկ կիրառական առարկաներ պատրաստելիս ավելի մեծ ուշադրություն դարձնեն դրանց տեսքին ու որակին: Ստեղծելով արվեստի նմուշներ՝ մարդն իր ուղեղը մարզում, կատարելագործվում է զուտ կիրառական խնդիրներ լուծելու համար: Հետաքրքիր է՝ նույն գիտնականներն ինչպե՞ս են բացատրում, որ շատ արվեստագետներ կյանքի գեղեցկությունը կիրառական որակյալ առարկաների մեջ չեն տեսնում…
 
Սնահավատությունը: Այստեղ բացակայում է տրամաբանությունը: Գիտնականները ենթադրում են, թե նախանշանների նկատմամբ հավատը կենսունակ է, քանի որ հիմնված է հաջողությունները հիշելու և տհաճությունները մոռանալու ցանկության վրա: Մենք հատկապես սնահավատ ենք դառնում, երբ ինչ-որ դժվարությունների ենք հանդիպում: Եվ ահա մռայլ մտքերի պատճառով մեր գործողություններն ավելի վատ վերահսկելով՝ նոր վրիպումներ ենք թույլ տալիս: Սակայն հետո ամն ինչ վերագրում ենք ինչ-որ «սև կատուների»: Իսկ երբ կարողանում ենք կատվին շրջանցել, մտքերն աշխատում են այն ուղղությամբ, թե ամեն ինչ լավ կլինի:
 
Սա մի տեսակ պլացեբո՝ դատարկահաբ է, որը բուժում է սոսկ ներշնչման ուժով: 
 
Այլասիրությունը: Այս եզակի մարդկային յուրահատկությունը՝ ապրել ուրիշների համար, ներդրված է ուղեղի մեջ: Արդեն 18 ամսական երեխան սկսում է այլասիրական պահվածք դրսևորել, ինչն էլ ապացուցում է, որ դա բնածին որակ է: Բայց ի՞նչն է մարդուն ստիպում օգնել նույնիսկ օտարներին, այն էլ՝ առանց անձնական որևէ շահի: Գիտնականները ենթադրում են, որ այս հատկանիշը զարգացել է զուգընկեր ընտրելու անհրաժեշտությունից:
 
Հակառակ սեռի համար այլոց նկատմամբ նվիրվածությունը մարդուն առավել հրպուրիչ է դարձնում. չէ՞ որ դա հաստատում է, որ նա կարող է նվիրված ծնող լինել: 
 
Երկարատև դեռահասությունը: Ինչո՞ւ է մարդու դեռահասության տարիքը ձգվում 11-ից մինչև 20 տարեկան, մինչդեռ կենդանական աշխարհում այն 5 տարուց ավելի չի տևում: Գիտնականների կարծիքով՝ դա մարդկության ավելի ուշ շրջանի ձեռքբերում է: Դեռահասության շրջանի երկարատևությունը կախված է հասարակությունների զարգացման մակարդակից: Որքան զարգացած է հասարակությունը, այնքան լայն է այն շերտը, որն ընկած է սեռական հասունացման ավարտի և վերջնական հասունության հասնելու միջև:  
 
Երազները: Մեր հեռավոր նախնիները համոզված են եղել, թե քնած ժամամակ հոգին մարմնից հեռանում է, որպեսզի աշխարհում թափառի: Իսկ իրեն հանդիպած պատկերները մարդը երազում է տեսնում: Զիգմունդ Ֆրեյդն էլ պնդում էր, թե երազները մեր չգիտակցված ցանկություններն են: Բայց այսօր հետազոտողների մեծ մասը դա ժխտում է: Ըստ արդի պաշտոնական գիտության՝ երազները մեր ուղեղի չկարգավորված էլեկտրական ազդակների արգասիք են:
 
Գործնականում 90 րոպեն մեկ մարդու ուղեղի ցողունային հատվածը ուղեղով մեկ քաոսային էլեկտրական ազդակներ է հղում: Դրանք դասակարգելու միակ միջոցը երազներ տեսնելն է: Երազները ոչ մի տեղեկություն չեն տալիս, սակայն նաև լիովին անիմաստ չեն: Տվյալ մարդուն հնարավոր է բնորոշել նրանով, թե ինչպես է նրա ուղեղն ընտրում դեռևս աղոտ պատկերների որոշակի պահերը: Դրանից բացի՝ հնարավոր է, որ երազատեսությունը նպաստում է օրվա ընթացքում ստացած տեղեկությունները մարդու  կարճատև հիշողությունից երկարատևին փոխանցելուն: 
 
Բնության առեղծված մարդը սրանցից բացի շատ այլ խորհրդավոր հատկանիշներ ունի, ու քանի դեռ մարդկային քաղաքակրթությունը զարգանում է, դրանք բոլորը լինելու են գիտության ուսումնասիրության, բանավեճերի, նորանոր գաղտնիքների բացահայտման անսպառ աղբյուր: