Ապագայի քաղաքը մնաց անցյալում

Չան Կայշին, որ Չինաստանի քաղաքական ու ռազմական կյանքում վճռորոշ դեր է խաղացել ավելի քան 50 տարի և Թայվանում անկախական գործունեություն ծավալելուց հետո մահացել է 1975թ., չինական այդ կղզում մեծ հեղինակություն է վայելում: Ուստի զարմանալի չէ, որ մեծ զորավարի և քաղաքական գործչի մահից հետո Թայվանի կառավարությունը որոշել է նրա պատվին մի ամբողջ ավան կառուցել:

Ընդ որում` նախատեսվում էր կառուցել ոչ թե մի սովորական բնակավայր, այլ ապագայապաշտական ոճով փոքրիկ քաղաք` այլմոլորակայինների «թռչող ափսեի» տեսք ունեցող տներով: Քաղաքի կառուցման վայր է ընտրվել Սանչժիի շրջանը:

Այդ անսովոր տները բարձրանալու համար նախատեսվել են պտուտակաձև սանդուղքներ, իսկ ջրավազանում կամ օվկիանոսում հայտնվելու համար բնակիչները պետք օգտվեին հատուկ հարմարանքից: Ժամանակին ճարտարագիտական մտքի գագաթնակետ համարվող այդ նախագիծն սկսել է աստիճանաբար իրականացվել, այնտեղ հրյուրմիլիարդավոր դոլարներ են ներդրվել: Ավանն սկսել է վեր բարձրանալ, բայց ի հայտ են եկել անբացատրելի դժվարություններ:

Բանն այն է, որ շինարարական աշխատանքների ժամանակ բազմաթիվ մարդիկ են զոհվել` միանգամայն անհասկանալի պատճառներով: Շինարարները պատահաբար ճզմվել են սալերի արանքում, ցած են ընկել բարձր պատերի վրայից` անգամ գոտեկապերով ապահովված լինելով և այլն: Պատմում են, որ շինարարներն այնտեղ հաճախ ուրվականներ են տեսել, ինչի պատճառով ոմանք նույնիսկ հեռացել են աշխատանքից` անտեսելով բարձր վարձատրությունը: Տեղացիները պարզաբանել են, որ շինարարությունն արվում է ճապոնական «մահվան ճամբարի» տեղում, իսկ այնտեղ բազմաթիվ մարդիկ են տառապել: Իսկ այդ ժամանակ, երբ նրանց անդորրն այդպես խախտվել է, նրանց հոգիներն ուրավականի տեսքով այսօր ոխ են հանում ապրողներից:

Նման բաների ուշադրություն չդարձնելով` Թայվանի կառավարությունը շարունակում է քաղաքի շինարարությունը. Նրանց համար ի՞նչ արժե բազմաթիվ մարդկանց կյանքը, երբ  դրված նպատակն այդքան բարձր է: Սակայն երևում է` նրանք ավելի ուժեղ չեն, քան Վերին ուժերը: Քաղաքի շինարարությունն այդպես էլ չի ավարտվել, քանի որ պայթել է Արևելյան Ասիայի ճգնաժամը, և կառուցապատողը սնանկացել է:

Ութսունականներին չթա-նման տները փորձել են ավարտին հասցնել նոր ներդրողներ, շինարարական աշխատանքները վերսկսվել են, սակայն… Ինչ-որ բան դարձյալ այնպես չի գնացել, ներդրողները վիճաբանել են, ի վերջո այդ նախագիծը օրակարգից դուրս է եկել:

Քաղաքի կառուցումը հնարավոր էր իրականացնել նաև ապագա գնորդների ներդրումների հաշվին, ինչպես արվում է ամբղջ աշխարհում: Այդ վայրի գերբնական համբավը, սակայն, մարդկանց վախեցնում է, և միայն հատուկենտ անվախներ են ցանկություն հայտնել տուն գնել և բնակվել այդ տարօրինակ վայրում: Գովազդային ոչ մի արշավ գործին չի օգնել: Քաղաքն ի վերջո լիովին դատարկվել է և երկար տարիների ընթացքում վեր է ածվել ուրվական-բնակավայրի, որտեղ դեպքից դեպք այցելում են արտառոց զգացողությունների սիրահարները կամ ուրվականների որսորդները:

Ապագայապաշտական ոճի այդ ավանը հիմնիվեր մաքրվել է, դրա տեղում ծրագրվում է կառուցել առողջապահական կենտրոն: Այն կկառուցվի միանգամայն սովորական ոճով, սակայն մի՞թե դա որևէ բան կփոխի` տարակուսանք է հայտնում esoreiter.ru կայքի հրապարակումը:  Չէ՞ որ անիծյալ քաղաքը վերացել է, սակայն անեծքը մնացել է: Իսկ եթե այդպես է, ուրեմն այդ վայրն իր մասին դեռևս խոսելու առիթ կտա: