Գալիս են տեսնելու, թե ինչպես է ավերվում լքված «տունը»

ՃԱՊՈՆԱԿԱՆ ՈՒՐՎԱԿԱՆ-ԿՂԶԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՄԵԾ ՀՈՍՔ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ

Ճապոնական Հաշիմ կամ Հասիմա կղզին ժամանակին ընդամենը ծովով շրջապատված մի լերկ ժայռ էր՝ անբնակ մի հողակտոր, որտեղ երբեմն հանգրվանում էին լոկ տեղացի ձկնորսները: Սակայն 19-րդ դարի սկզբին այստեղ հայտնաբերված ածխի հարուստ հանքերը գլխովին շրջում են Հաշիմի ճակատագիրը. շուտով կղզում բազմաթիվ մարդիկ են հայտնվում՝ հույս ունենալով փող վաստակել:
 
pikabu.ru պարբերականը ներկայացնում է այսօր արդեն սոսկ զբոսաշրջիկների ուշադրության շրջանակներում հայտնված փոքրիկ կղզու հետագա պատմությունը:
 
Ածխի հանույթի պատճառով կղզու մակերևույթը մի փոքր հարթ տեսք է ստացել, սակայն այն նաև որոշ չափով ընդարձակվել է, քանի որ մարդիկ սկսել են ընդերքից հանած ավելորդ ապարները ծովը լցնել ուղղակի ափից, որոնք և կուտակվելով՝ մեծացրել են կղզու տարածքը: Իսկ այնուհետև սկսել են ամբողջ տեղանքն արհեստական կերպով ընդարձակել ու կառուցապատել: 
 
Այս փոքրիկ կղզյակը՝ ընդամենը 0,063 քառակուսի կմ մակերեսով (առափնյա գծի երկարությունն ընդամենը մոտ 1000 մետր է), համարյա կես դար ունեցել է բնակչության աննախադեպ խտություն: Այն ժամանակահատվածում, երբ այստեղ քարածուխն ամենաբուռն թափով էր արդյունահանվում, այդ փոքրիկ հողակտորի վրա ապրել է ածխահանքերի մի քանի հազար աշխատող, որը համապատասխանել է մեկ քառակուսի կմ-ի վրա ավելի քան 140 հազ. մարդ խտությանը: 
 
Արտաքին տեսքով կղզին ամայի ժայռից ժամանակին վերածվում է յուրատեսակ զրահանավի, թեև իրականում այն ածխահանության ոլորտի բավական խոշոր արդյունաբերական կենտրոն էր: Այդ «բունկերում» կառուցվում են բարձրահարկ շենքեր, գործում են դպրոցներ, հիվանդանոցներ, առևտրային  հիմնարկներ ու գինետներ, տարբեր զվարճանքի վայրեր, շատ այլ բաներ՝ ինչը որ անհրաժեշտ է քաղաքակիրթ բնակավայրի համար: Ճիշտ է՝ դժվար է հարմարավետ համարել կյանքը մի քանի քառակուսի մետրանոց նեղլիկ բնակարաններում, որոնք առավել նման էին կալանավորների հանրակացարանի, սակայն մարդիկ այնտեղ ինչ-որ կերպ ապրել են, շատերին նման կյանքը միանգամայն բավարարել է: 
 
Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ Հաշիմ կղզի են բերում գերիների՝ նրանց հարկադրելով աշխատել ամենախոր ու ահավոր պայմաններով հանքահորերում՝ ծովի մակերևույթից 700-800 մ ցածր խորության վրա: Զարմանալի չէ, որ նրանց մեծ մասը նման ստրկական բռնությանն ուղղակի չէին դիմանում: 
 
Կղզու համար բեկումնային է դառնում 1947թ., երբ պարզվում է, որ քարածխի պաշարները լիովին սպառվել են: Հաշիմի հանքահորերը փակվում են, իսկ տեղի բնակչությանն այլ բան չի մնում, քան այնտեղից հեռանալը: Լքված վիճակում են հայտնվում կղզում ստեղծված բոլոր ենթակառուցվածքները: Ընդամենը մի քանի ամիս անց Հաշիմը վերածվում է  ուրվական կղզու: 
 
Այժմ մարդկանց այնտեղ է տանում միայն մեկ նպատակ՝ տեսնել, թե ինչպես է աստիճանաբար ավերվում մարդկային կյանքի այդ երբեմնի օրրանը, որքան էլ այդ կյանքը դաժան եղած լինի: Քանի որ կղզու հանդեպ զբոսաշրջիկների և պարզապես վանդալների հետաքրքրությունը պահպանվում է (այնտեղից բերված իրերը սև շուկայում բարձր են գնահատվում), Ճապոնիայի կառավարությունը երկար տարիներ ստիպված է եղել պայքարել այդ երևույթի դեմ: Այդ «բունկերում» այժմ միանգամայն անվտանգ է, մինչդեռ նախկինում տնակային կացարաններն ու մնացած շինություններն սպառնում էին փլատակների տակ թաղել անզգուշաբար իրենց մատույցներում հայտնված մարդկանց: 
 
2015թ., սակայն, կղզին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային արժեքների ցանկում: Այժմ դեպի այնտեղ են ձգտում բազմաթիվ մարդիկ, ովքեր սիրում են ինչ-որ բան տեսնել արդեն անցյալի գիրկն անցած նախորդ քաղաքակրթությունից: Այս անմարդ կղզում զբոսաշրջիկները մեծ հնարավորություն ազատորեն շրջել. նրանք պարտավոր են քայլել միայն հատուկ նշված ուղիներով: Այդ արգելքը խախտողներից բավական խոշոր տուգանք է գանձվում: