Արհեստական բանականությունը՝ ընդդեմ համացանցային թրոլինգների

Այս նախագիծը, ըստ էության, կարող է շատ օգտակար լինել հայերիս համար, որպեսզի անմիջապես կողմնորոշվենք, թե շփման դուրս եկած հայանուն օգտատերը այսպես կոչված «ֆեյք» ադրբեջանցի կամ նման մեկը չէ՞: Մերոնցից շատերն են նրանց ծուղակն ընկնում, ու եթե հայի պրպտուն միտքը նրան չի օգնում ճիշտ կողմնորոշվել, արհեստական բանականությունը կարող է «մտածել» ու գործել նրա փոխարեն:
 
Արդի աշխարհում գնալով ահագնանում է մարդուն սպառնացող վտանգների թվում արհեստական բանականության մասնաբաժինը: Սակայն սա մի բնագավառ է, որն ի զորու է նաև վտանգներ չեզոքացնել: Սոցիալական ցանցերը և այլ էլեկտրոնային հարթակներ մարդկանց հսկայական զանգվածների ներքաշում են շփումների ու գրագրությունների աշխարհը, որոնք հաճախ ավարտվում են վեճերով ու վիրավորանքներով: Դա, անշուշտ, շատերին է հունից հանում, սակայն ինչպե՞ս կողմնորոշվել՝ տվյալ անգամ գրություններ փոխանակելիս ամեն ինչ հա՞րթ կընթանա, թե՞ քիչ անց մեջտեղ կգան վիրավորական արտահայտություններ ու մեկնաբանություններ:
 
Ամերիկյան Կոռնելիի համալսարանի գիտնականներն ստեղծել են արհեստական բանականություն, որը կարողանում է սովորական քաղաքավարի գրությունը տարբերել խայթոցների փոխանակությունից՝ այսպես կոչված թրոլինգից: (Թրոլինգը համակարգչային եզրաբառ է, որով բնորոշվում են համացանցի բարկացուցիչ բովանդակությամբ էլեկտրոնային նամակներն ու հաղորդագրություները՝ նախատեսված հատկապես կարդացողների մեջ վրդովմունք առաջացնելու համար):
 
Գյուտի հեղինակները նշում են, որ իրենց ստեղծած այդ նյարդային ցանցը կարող է օգտակար լինել հատկապես խոշոր համաժողովների, զրուցարանների և սոցցանցերի կարգավորողների՝ մոդերատորների համար:
 
Որպեսզի ծրագիրը կարողանա քաղաքավարի գրությունների քայլաշարը տարբերակել վիրավորանքների փոխանակությունից, այնտեղ ներբերռնել են համարյա 1,3 հազար երկխոսություն, որոնք սկսվել են խաղաղ կերպով, բայց ավարտվել են «տուրուդմփոցով»: Դրանից բացի՝ նյարդային ցանցերը «լցոնել» են զրույցներով, որոնք քաղաքավարի սկսվել ու այդպես էլ ավարտվել են: Որքան էլ անտրամաբանական թվա, սակայն հարձակողական բնույթ ունեցող արտահայտությունները սկսվել են «դու» կամ «դուք» դերանուններով: 
 
Ինչպես ամեն մի նորարարություն, սա նույնպես զերծ չէ թերություններից: Գիտնականների ստեղծած ծրագիրը սովորել է կոպիտ զրույցը քաղաքավարիից տարբերել 65% հավանականությամբ (պարզել է հատուկ անցկացված գիտափորձը): Մարդիկ դա ավելի լավ են անում՝ 72%-ով: Ուրեմն մարդն անգամ չի կարողանում ճշգրիտ որոշել, թե երբ է զրույցն անցանկալի հուն տեղափոխվել: Սակայն, ի տարբերություն մարդու՝ համակարգչային ծրագրերը մեծ արագությամբ կատարելագործվում են և մի օր կարող են այս հարցում մեծ չափով գերազանցել մարդուն:
 
Սոցցանցի ցանկացած օգտատեր, թերևս, բախվել է նման իրավիճակների ու երբեմն էլ արտահայտած որևէ անմեղ մտքի պատճառով հարձակումների թիրախ դարձել: Բայց եթե նա ինչ-ինչ նշաններից կողմնորոշվի, որ իր գրածին պատասխանողի միակ նպատակն իրեն բարկացնելն է՝ երևի շատ տհաճություններից կխուսափի: