Հոգևոր աշխարհի ռոբոտացում

ՌՈԲՈՏ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ՝ ՎԻՏԵՆԲԵՐԳՈՒՄ

Աշխարհի ամենապահպանողական համակարգը՝ կրոնը, 21-րդ դարում սկսել է գիտության զարգացմանը զուգընթաց քայլել: Եվ ահա դրա արտահայտություններից մեկը՝ Գերմանիայի Վիտենբերգ քաղաքում ռոբոտ հոգևորական է հայտնվել: Նա հավատացյալներին օրհնում է և նրանց համար Աստվածաշունչ ընթերցում:
Ռոբոտի մետաղական կառուցվածքի մեծ մասն էկրանն է զբաղեցնում։ Այն օգտատերերին ողջունում է և առաջարկում ընտրել ձայնն ու օրհնանքի տեսակը։
 
Դրանից հետո նա ձեռքերը դեպի երկինք է պարզում ու ասում․ «Թող օրհնի ու պաշտպանի քեզ Աստված»։ Հետո հնչում է մեջբերում Աստվածաշնչից: «Դեյլի միրոր»-ի հաղորդմամբ՝ եկեղեցու ներկայացուցիչ Սեբաստիան դոն Գերենը խոստովանել է, որ հոգևորական ռոբոտի նկատմամբ արձագանքները հակասական են՝ ոմանց դուր է եկել, ուրիշներին՝ ոչ: Իսկ ավելի շատ այն կրոնից հեռու մարդկանց է գրավել: Շատերն են այցի են գնում ռոբոտին:   
 
Ըստ էության՝ այս քաղաքը քրիստոնեության պատմության մեջ վաղուց է կարևոր դերակատարություն ստանձնել՝ հենց Վիտենբերգում է գտնվում այն եկեղեցին, որի դռներին Մարտին Լյութերը փակցրել էր ինդուլգենցիայի («մեղքերի թողությունը» և թողության վկայականները կաթոլիկ եկեղեցում) վաճառքի դեմ իր դրույթները՝ սկիզբ դնելով բողոքական Ռեֆորմացիային:
 
Մարդու պատկերացմամբ՝ մեքենան չի կարող մարդու հոգու հետ խոսել, նրա հոգևոր պահանջմունքները բավարարել: Ու մի կողմից կարծես մեքենային նման գործերին խառնելը սրբապղծության է: Սակայն մյուս կողմից՝ հայտնի է, որ ձայնը մարդու վրա ազդում է՝ կախված հաճախականությունից: Կան հանգստացնող, ապաքինող ձայներ, կան խուճապի մատնող ու օրգանիզմում խախտումներ առաջացնող ձայներ: Օրինակ ասում են՝ եթե աղոթքը ճիշտ հաճախականությամբ է հնչում, մարդն ասես մանկան պես անմեղ է դառնում: Եթե ռոբոտ հոգևորականի հեղինակները նման բաները հաշվի են առել, սա գուցե և մարդու վրա դրական ազդեցություն ունենա և տարածվելով՝ մարդկությանն ազատի շատ հոգսերից: 
 
Սակայն սա մի մեծ վտանգ էլ է պարունակում. մեքենայի հզոր հնարավորություններն օգտագործելով՝ օրինակ իսլամիստների նման ծայրահեղականները կարող են այլատեցության քարոզն ավելի ուժգին տարածել և այն դարձնել թերզարգացած ուղեղների վրա իրենց ազդեցությունը տարածող զենք: