Կարճատև սիրավեպ, որ 42-ամյա պտուղ է տվել

Իսպանացի աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը միանգամից 42 տարեկան որդու հայր է դարձել: Նրա համար չարաբաստիկ ԴՆԹ թեստն ապացուցել է, որ Իսպանիայում բնակվող Խավիեր Սանչեսը իր որդին է: Ռուսական «Կորրեսպոնդենտը» հրապարակել է փաստեր, որոնց համաձայն Իգլեսիասը 1975թ. պորտուգալացի պարուհի Իսաբել Պրեյսլերի հետ կարճատև սիրավեպ է ունեցել, իսկ արդեն 90-ական թթ. պարուհին հայտարարել է, թե որդի ունի: Երգիչը դա հերքել է և բողոքարկելով՝ փակել տվել դատական գործը: 
 
Արդեն ԴՆԹ քննության դրական արդյունքներվ զինված՝ Սանչեսը կրկին հայց է ներկայացրել, սակայն Մայամիում բնակվող Իգլեսիասը խուսափում է որևէ բացատրություն տալ: Հեշտ բան հո չէ` հանկարծ հաստատվում է, որ դու 41-42 տարեկան որդի ունես, բայց նրա երեսը տեսած չկաս: 
 
Առաջներում այնքան հեշտ էր հրաժարվել սեփական զավակից կամ էլ հակառակը՝ որոշակի փաստերի ճնշման տակ հավատացնել, թե այսինչն այնինչի երեխան է: Հիմա արդեն 99,9%-ի ճշգրտությամբ հաստավում է՝ այո կամ ոչ: 
 
Հիմա դեռ դժվար է ասել, թե ինչ է ակնկալում Իգլեսիասի նորահայտ որդին՝ հոր փառքից բաժին ստանալ և նրա ունեցվածքից մա՞ս ունենալ, թե՞ պարզապես սեփական ինքնությանը տեր կանգնել ու կենսաբանական ծնողին նաև որպես սրտակից հայր կարգել: Բայց որ աջուձախ սիրավեպեր խաղարկած ու իրենց երեխաներին առանց երկար մտածելու լքած շատ հայտնիներ մտորումների գիրկը կընկնեն՝ դա հաստատ է: Ճիշտ է` կփորձեն ամեն կերպ իրենց թանկարժեք գենակազմը հասարակ մահկանացուներին անհասանելի դարձնել, սակայն չէ՞ որ ԴՆԹ հետազոտության համար մեկ հատիկ մազն անգամ բավարար է: