Զգուշանալ արհեստական բանականությունից

Գյուտարարը, ով փորձում է իրականություն դարձնել մարդու ուղեղը համակարգչին միացնելու իր մտահղացումը (այդ նպատակով նա հիմնադրել և ղեկավարում է Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը), հայտարարում է` մարդկության գլխավոր սպառնալիքը արհեստական բանականությունն է:

Իլոն Ռիվ Մասկը, ով նաև ամերիկյան «Սպեյսեքս» և «Տեսլա մոթըրս» տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիրն ու ղեկավարն է, Նահանգապետների ազգային ընկերակցության հանդիպման ժամանակ հայտարարել է, թե արհեստական ուղեղը հիմնական սպառնալիքն է, որին մարդկային քաղաքակրթությունը բախվելու է: Մասկը, «Ֆորտուն»-ի փոխանցմամբ, մտավախություն է հայտնել, որ տարվելով առավել առաջադեմ տեխնոլոգիներ ստեղծելու ձգտումով` ծրագրավորողները կարող են մտքից հանել, թե ինչքան վտանգավոր կարող է լինել արհեստական ուղեղը: 

Վկայակոչելով տվյալ բնագավառում իր ձեռք բերած փորձը` նա կոչ է արել ասածներն ըստ պատշաճի ընդունել.

- Ռոբոտները կարող են պատերազմ սկսել` կեղծ նորություններ ու հաղորդագրություններ տարածելով, էլեկտրոնային փոստի գրանցումները կեղծելով, տեղեկատվական աճպարարությամբ:

Ուշագրավ է նաև Մասկի այն եզրակացությունը, թե  գիրն ավելի զորեղ է, քան թուրը: Սա մի ճշմարտություն է, որը մենք` հայերս, փաստորեն վաղուց գիտենք, քանի որ հազարամյակով մեր գրային նշանները զինվոր անունով ենք մեծարում: Իսկ միլիարդատեր գյուտարարի խոսքը կարելի է այսպես մեկնաբանել` եթե գիրը թրից զորեղ է, նրա հետ հարկավոր է զգուշորեն վարվել, այլապես ավելի կործանարար հետևանքների հետ գործ կունենաս, քան ամենահզոր զենքի պարագայում: Դրա համար էլ նա նշել է, թե տվյալ բնագավառում անհրաժեշտ է պետական կարգավորման մեխանիզմներ ներմուծել` որպես յուրօրինակ զսպիչ ուժ` տեխնոլոգիական մրցապայքարում ներառված ընկերությունների համար:

Գոյատևելու պայմանը մրցակցությունը համարող արդի աշխարհում դա թերևս շատ դժվար կլինի:

Տիեզերքն ու Արեգակնային համակարգությունը հետազոտող որոշ գիտնականներ կարծիք են հայտնում, թե միլիարդավոր, միլիոնավոր տարիներ առաջ մարդաբնակ են եղել 4-րդ` Մարս և 5-րդ` Ֆայետոն մոլորակները: (Համարվում է, որ Մարսի և Յուպիտերի արանքում գտնվող երկնաքարերի գոտին պայթած Ֆայետոնի մնացորդներից է կազմված): Ենթադրվում է, որ դրաց կործամնան մեջ դեր է խաղացել մարդկային գործոնը, իսկ բնակիչներից ոմանք ապաստան են գտել Երկրի վրա: Չի բացառվում նաև, որ Երկրի վրա առկա ռասայական տարբեությունների պատճառը հենց դա է: Այժմ Արեգակի շուրջը պտտվող և բանական կյանքի համար պիտանի միակ մոլորակը Երկիրն է մնացել, իսկ մարդկությունն իր հերթական զարգացման այս փուլում դեռևս չի հասել այն մակարդակին, որ նախորդ երկուսի նման գոնե մասամբ փրկվի բնակելի այլ միջավայր տեղափոխվելով:

Այնպես որ` իսկապես արժե մտահոգվել: Ի դեպ` մեծ երևակայություն ունեցող որոշ հայեր ենթադրում են, թե Ֆայետոն բառը պարզապես նշանակում է հայի տուն, ինչը լեզվաբանության տեսանկյունից լիովին ընդունելի է (Տավուշի որոշ խոսվածքներում, օրինակ, «հ» հնչյունը որոշ բառերում «ֆ» է դառնում)…