Հանցագործին բացահայտելու նոր միջոց

Օրեցօր քրեական հանցագործություններ բացահայտելու նորանոր միջոցներ են հայտնագործվում (օրինակ՝ մատնահետքեր, մեռածի աչքերի մեջ սառած վերջին պատկեր և այլն), որոնք այդ բնագավառում հեղափոխական նշանակություն են ունենում: Իսկ ահա ԱՄՆ-ի Միչիգան նահանգում երկու տարի առաջ կատարված հանցագործության մեղավորը գտնվել է թութակի շնորհիվ: 
 
Ձեռնարկելով ամուսնու սպանությունը՝ միչիգանցի 47-ամյա Գլենա Դարեմը երևի մտքով էլ չի անցկացրել, որ տանը գտնվող ժակո թութակը ոչ միայն ամեն ինչ տեսնում է, այլև կարող է վկայություն տալ: Բի-Բի-Սի-ն հայտնել է, որ թութակը հիշել և կրկնել է մեռնելուց առաջ ամուսնու արտասանած խոսքերը՝ մի՛ կրակիր: Ի դեպ, ժակո թութակներն ընդհանրապես աչքի են ընկնում հնարամտությամբ և հավատարմությամբ:  
 
Հանցագործության բացահայտմանն օգնել է հանգուցյալ Մարտինի նախկին կինը, ում մոտ հետագայում հայտնվել է Բադ անունով թութակը: Քրիստինան ասել է, թե թութակը նախկին ամուսնու ձայնով շարունակ կրկնում է «մի՛ կրակիր» խոսքերը: 
 
Եվ ահա դատարանը հաստատել է, որ 2015թ. մայիսին Գլենան ամուսնու ուղղությամբ հինգ փամփուշտ է արձակել, այնուհետև փորձել է ինքնասպան լինել: Ատենակալները Գլենային մեղավոր են ճանաչել կանխամտածված սպանության գործով. օգոստոսին կկայացվի նրա դատավճիռը: 
 
Հայտնի փաստ է՝ ամենախորամանկ ու ճարպիկ հանցագործն անգամ կարող է այնպիսի հանցանշան թողնել, որի մասին նույնիսկ չէր երևակայել: Իսկ թութակները գուցե հետագայում ոչ միայն օգնեն հանցագործին բռնել, այլև հանիրավի մեղադրվողին մեղադրանքից ազատել: Այնպես որ դժվար է ասել՝ մարդու խոսքերը կրկնելու զարմանալի շնորհքով օժտված այս թռչուններին տանը պահելը նրա տերերին կօգնի՞, թե՞ կխանգարի: