Մեր երկնային լուսատուի անսովոր պտույտը

Արևի պտույտի պարբերականությամբ իր կյանքն ապրող մարդը չի էլ պատկերացնում, թե սեփական առանցքի շուրջն ինչ բարդ պտույտներ է գործում մեր երկնային լուսատուն ինքը:

Կալիֆորնիայի համալսարանի աստղագետների անսովոր դիտարկումը պարզել է, որ արևի միջուկն ավելի արագ է պտտվում, քան մակերևույթին մոտ շերտերը: Առաջներում ենթադրվել է, թե միջուկն ու մակերևույթը նույն արագությամբ են պտտվում: Այդ տեսությունը հերքող վերջին հետազոտությունները հրապարակվել են «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» հանդեսում:

Աստղագետներն այս երևույթի ամենահավանական բացատրությունն այն են համարում, որ մեր լուսատուի միջուկը մակերևույթից ավելի վաղ է ձևավորվել: Նրանք նույնիսկ դրա վաղեմությունն են ճշտել` 4,6 մլրդ տարի: Գիտնականները պնդում են, որ ձևավորման վաղ փուլում մեր մոլորակն արևող աստղը ունեցել է ճիշտ նույն տեսքը, ինչպիսին այժմ նրա միջուկն է: Իսկ պտույտների տարբերությունը բացատրվում է հետևյալով` միջուկի ձևավորումից հետո արևային քամու արագությունը փոքրացել է, և երբ աստղը շարունակել է շերտավորվել, նոր շերտերն ավելի դանդաղ պտույտով են օժտվել: Չընդհատվող պտույտի մեջ են նաև արևաբծերը, որոնք շրջապատող միջավայրի համեմատությամբ ավելի սառն են:

Արեգակի պտույտի այս զարմանալի առանձնահատկությունը գիտնականները կարողացել են բացահայտել` դիտարկելով  աստղի մթնոլորտում ձայնային ալիքների տարածման արագությունը: Շատ ժամանակ չի անցել, ինչ գիտնականները նկատել են, որ արևի վրա պարբերաբար տեղի ունեցող երևույթներն անմիջականորեն ազդում են մարդկանց պահվածքի վրա, համընկնում մեր մոլորակում բռնկված պատերազմների, հեղափոխությունների, զանգվածային բացասական երևույթների հետ: Իսկ թե նրա շերտերի պտույտի տարբերությունն ինչ երևույթներ է առաջացնում` դեռևս պետք է բացահայտվի: Ու ինչքան լավ կլինի` պարզվի, որ այդ ներգործությունը բարի է: