Արծվաշենի ճակատագիրն ու իմը մի օր խաչվեցին

ԱՆՈՒՐԱԽ ՏԱՐԵԼԻՑ

Ճիշտ քառորդ դար առաջ այս օրը՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին Ելուզակները գերեվարեցին Հայաստանի Արծվաշենը, և  մինչ օրս գյուղը բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Լրագրող Մարիետա Խաչատրյանն այդ օրը շրջանցել է մասնագիտությանը նվիրվածության չգծված սահմանները և գլխավեևում սուրացող փամփուշտների սուլոցների տակ արժեքավոր հարցազրույցներ վարել: Զրուցակիցներից ոմանց համար դա վերջին հարցազրույցն է եղել:
Պատմական դարձած այդ օրվա մասին նրա հուշի պատառիկը ոչ միայն հուզիչ է ու հետաքրքիր, այլև՝ արժեքավոր:
 
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
 
Քսանհինգ տարի առաջ այս օրն ընկավ Արծվաշենը՝ շեն ու մարդաշատ հայկական այն գյուղը, որն անկլավ էր Ադրբեջանի տարածքում: Բոլորիս համար այդ կորուստն, իհարկե, սրտի ցավ մնաց, սակայն ինձ համար հատկապես իմ անձնական ցավը դարձավ միաժամանակ, քանի որ կյանքիս այդ մի օրն ու Արծվաշենի անկումը ընդմիշտ միահյուսվեցին իրար: Որպես լրագրող՝ այդ օրն այնտեղ էի ու պահում եմ նկարահանումների սև մատերիալը, որն անգամ հեռուստատեսության արխիվում չկա. այնտեղ մոնտաժված տարբերակն է: Լրջորեն վերականգնել այդ օրվա պատկերը ես այդպես էլ ձեռք չզարկեցի՝ տարբեր պատճառներով: Այդ ընթացքում նայում եմ, թե ով ինչ է գրում Արծվաշենի անկման մասին՝ գրելիքս մի տեսակ հետաձգելով: Մի առիթ եղավ. Հանրային հեռուստատեսության պատմության մասին գիրք էին ստեղծում, այդ առիթով մի թեթև պատմեցի Արծվաշենի անկման ու լրագրողական մեր խմբի՝ Արծվաշեն գործուղման մասին, սակայն այդ դրվագը չի ներառվել գրքում, երևում է՝ չի տեղավորվել հարմար պատմություն ներկայացնելու նախապես գծված սցենարում:
 
Հպանցիկ պատմեմ մեր գործուղման մասին. հուսամ դեռ ողջ եմ մնալու ու ավելի մանրամասն գրելու եմ հանրային հեռուստատեսության մասին իմ և ընկերներիս պատմություններից ստեղծվելիք գրքում:
 
Օգոստոսի 8-ի առավոտյան «Լրաբեր» հեռուստածրագրի մեր խմբին՝ օպերատոր Ռուբենին (պատկերացրեք՝ ազգանունը մոռացել եմ. հետագայում նա կառավարության լրատվականում էր աշխատում) ու ինձ Հանրային հեռուստատեսության (այն ժամանակ՝ Պետական հեռուստատեսության) նախագահ Սամվել Գևորգյանը գործուղեց Արծվաշեն: Արդեն երկու օր էր՝ գյուղը տարհանվում էր, ադրբեջանական զինուժն անսպասելի մտել էր ու բավական վնաս հասցրել, նաև զոհեր էին եղել հայկական կողմից: Ինձ Ս. Գևորգյանն անձամբ հրավիրեց իր մոտ ու հորդորեց՝ ինչ կերպ ուզում է լինի՝ խումբն անպայման պետք է հայտնվի Արծվաշենում և ռեպորտաժ բերի: Նրա ակնարկներից հասկանալի էր դառնում, որ իշխանության ներսում երկու թևեր իրար մեջ խնդիր ունեն, այլապես «Լրաբերը» , որի աշխատանքը սովորաբար իշխանությունն էր խրախուսում, ինչո՞ւ պիտի խոչընդոտների հանդիպեր:
 
«Ամեն գնովը» մտքումս՝ նստեցի վարորդ Ավագի մեքենան, ուր արդեն իր տեսախցիկով սպասում էր նաև Ռուբենը: 
Ճամբարակում մեզ արգելեցին գնալ Արծվաշեն՝ ասելով, որ գյուղը գնդակոծվում է, չի կարելի.
 
- Ձեր կյանքերի համար չենք երաշխավորում,- ասացին: 
 
Ես համառեցի՝ «ամեն գնովը» պիտի իրագործեի: Ասացի, որ մեզ ուղեկցեն Ճամբարակի պարետի մոտ, որ բոլորիս հայտնի Յուրա Հարությունյանն էր: Բարձրացա նրա սենյակ, բացատրեցի հանձնարարականը:
 
- Ո՛չ,- ձեռքը սեղանին խփեց Յու. Հարությունյանը: 
 
Դուրս եկա սենյակից՝ միայն ու միայն մի որոշմամբ՝ ես պետք է հասնեմ Արծվաշեն: Իջա ներքև, նստեցի մեքենան, որի մեջ բացի մերոնցից նաև մեզ ուղեկցող բարձրաստիճան զինվորական կար: Նա հարցրեց.
 
- Թույլատրե՞ց: 
 
- Այո,-պատասխանեցի ես՝ առանց աչքս անգամ թարթելու: 
 
Մեքենան ուղղվեց դեպի Արծվաշեն: Գյուղ տանող ճանապարհին արդեն հասկացա, թե ինչ եմ արել: Գյուղից խելակորույս արագությամբ անկլավի ճանապարհն էին կտրում երկու բեռնատար՝ բարձված կենցաղային իրերով, վերմակ- ներքնակներով: Երբ այդ մեքենաներից վերմակներ էին ընկնում, նրանց վարորդները չէին կանգնում դրանք վերցնելու: Քիչ հետո հասկացա, թե ինչու: Մեր մեքենայի վրայով սպեցիֆիկ աղմուկով սուրաց հրթիռը՝ թշնամին գնդակոծում էր: Նայեցի ու տեսա, որ Ավագի ու Ռուբենի դեմքերին գույն չկա. զինվորական ծառայություն անցած այս տղամարդիկ հասկանում էին, որ ամեն րոպե կարող են գնդակոծության տակ ընկնել: Հետ դառնալու համար ուշ էր, նրանք էլ վարվեցին սուրացող բեռնատարների վարորդների պես՝ մեծ արագությամբ մտան Արծվաշեն, ու պրծանք գնդակոծությունից: Հետագայում շատ տարիներ նրանց հանդիպելիս՝ ողջագուրվում էինք, և միշտ նույն բանն էին ասում.
 
-Միասին էդ օրը նորից ծնվեցինք:
 
Մտանք գյուղամեջ, տեսանք մեր զինվորականությանը, վիրավորներ կային, մի տղա մեջքից վիրավորվեց մեզնից մի փոքր հեռու: Թշնամին գնդակոծում էր: Հրամանատարությունը տեղում էր, ու առաջինը Վազգեն Սարգսյաանին տեսանք: 
 
-Էս ո՞նց եք անցել,- զարմացած հարցրեց նա:
 
Էն ժամանակ շատերս էինք իրար ճանաչում, անգամ ընկերներ էինք շատ բարձրաստիճանների հետ:
 
Հետո եկան պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Արա Սահակյանը, էլի ուրիշ բարձրասիճաններ, որոնց բոլորի դեմքերին կարելի էր կարդալ տագնապը:
 
Հարցազրույց արեցի Վազգեն Սարգսյանի, Ա.Պետրոսյանի, Ա. Սահակյանի հետ: Վազգենի հետ զրույցի ընթացքում գնդակոծության սուլոցը մեր գլխից մի փոքր վերև անցավ՝ այդ կադրը կա, Վազգենը խոսելիս բնազդորեն գլուխը կռացնում է սուլոցի պահին: Նրանք ասում էին, որ մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանելու են Արծվաշենը: Հիշում եմ, թե ինչպես դողաց Ա. Սահակյանի ձեռքը, երբ մի պահ բռնել էր խոսափողը, իսկ ադրբեջանցիք գնդակոծում էին: Ու ես նրան ասացի՝ 
 
- Միասին ենք մեռնելու: 
 
Վտանգի ահագնությունը կարող էր պատկերացնել միայն այդ բոլորի միջով անցած զինվորը, բայց ոչ՝ երիտասարդ լրագրողուհին, ու դա քաջության խնդիր չէ:
 
Այլ մանրամասներ շրջանցելով՝ ավելացնեմ միայն, որ այդ օրը խարույկի շուրջ մի փոքրիկ դադար էինք արել մեր զինվորների հետ: Ճակատագրի բերումով նրանք Կիրովականի գնդի տղաներն էին, որոնց հետ հարցազրույցներ էի արել: Հետո իմացա, որ նրանք զոհվել են... Նրանցից մնացել են իրենց վերջին հարցազրույցները: