Ճաշ՝ օդից և նանոձեռնոցներ

Եթե աշխարհի գիտնականներն իրենց հանճարն օգտագործեին լոկ մարդու կյանքը դյուրացնող հնարավորություններ ստեղծելու նպատակով, Երկիրը հիմա իսկական դրախտ կլիներ: Համենայնդեպս վերջերս հայտնի դարձած երկու գյուտ սա կարող են հաստատել:  
 
Ֆինն գիտնականներին հաջողվել է սննդամթերք ստանալ ուղղակի օդից: Ֆինլանդիայի Լապերանտի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները կարողացել են ստեղծել մի սարք, որը օդում եղած ջուրն ու ածխաթթուն վերափոխում է ուտելու համար պիտանի սպիտակուցի:
 
Դեռևս անանուն այդ սպիտակուցը հնարավոր է եղել ստանալ չորս բաղադրիչներից՝ գազ, ջուր, մանրէներ և էլեկտրականություն: Սրանք բոլորը էլեկտրոլիզի են ենթարկվում հատուկ կենսառեակտորների մեջ՝ օգտագործելով արևի էներգիան: Ստացվել է սննդարար նյութերով հարուստ փոշի, որի պարունակության ավելի քան 50%-ը սպիտակուց է,  25%-ը՝ ածխաջրեր. այն զուրկ չէ նաև ճարպերից և նուկլեինաթթուներից: Գյուտի հեղինակները հույս ունեն, որ այդ տեխնոլոգիան կարող է, օրինակ, սովից փրկել անապատների բնակիչներին կամ այլ անբարենպաստ պայմաններում ապրողներին: 
 
Քաղցից բացի, մարդկանց համար դժվար է լինում նաև ցուրտը հաղթահարել: Ահա ամերկացի գիտնականներն էլ ստեղծել են նորագույն մի նյութ, որն անգամ արկտիկական խստաշունչ ցրտի պայմաններում կարողանում է մինչև տանելի ջերմաստիճան տաքանալ: Այսպես կոչված նանոձեռնոցներն օգտագործելու համար բավարար է միայն AA մարտկոցի էներգիան: Ճիշտ է, այս ձեռնոցներն ստեղծվել են ԱՄՆ-ի բանակի պատվերով, սակայն պարզ է, որ ցուրտը միայն զինվորականներին չէ, որ սպառնում է: Իսկ եթե մարդու ոտքերն ու ձեռքերը հնարավոր լինի տաքացնել ընդամենը ձեռնոցի կամ գուլպայի միջոցով, որքա՜ն անտառ ու այլ բնական միջոցներ կխնայվեն: 
 
Միայն թե դեռ հարց է՝ այս հնարավորությունները որքանո՞վ ի սպաս կդրվեն մարդու բարօրությանը: Չէ՞ որ շատ օգտակար հայտնագործություններ երբեք էլ կյանքի չեն կոչվում: Բացի այդ էլ՝ չի բացառվում, որ որոշ նյութերի նման սրանք ևս կարող են մարդու օրգանիզմի համար անհամատեղելի լինել: Այնպես որ՝ ուրախանալը դեռ վաղ է: