Վարչապետը մեկ նստավայր պետք է ունենա

Հին ու բարի մի հումոր կար: Հարբած մեկը չի կարողանում գտնել իր տունը և մի քանի անգամ թակում է ուրիշ մեկի բնակարանի դուռը: ՈՒ մինչ տանտերը փորձում էր նրան համոզել, որ դա իր տունն է ու հյուրն այնտեղ չի ապրում, հարբածը չարացած գոռում է նրա վրա՝
 
- էդ ո՞նց ա, որ ամեն տեղ դու ես ապրում, իսկ ես ոչ մի տեղ չե՞մ ապրում:
 
Նիկոլ Փաշինյանի այսօրվա այս որոշումը՝ «Վարչապետը մեկ նստավայր պետք է ունենա» թերևս, այլընտրանք ունենալ չէր էլ կարող: Այն լսելուց հետո ակամա վերստին անդրադառնում ես մերօրյա մեծահարուստների բազմատնասիրությանը: Տների բազմապատկումը քիչ էր, հիմա էլ հերթը նստավայրերի բազմաքանակությանն էր հասել…
 
Երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Կառավարության քննարկմանը ներկայացրեց վարչապետի նստավայրի հարցը՝ նշելով,թե օրենքի պահանջից ելնելով՝ այն պետք է երկու հասցե ունենա՝ Հանրապետության հրապարակում Կառավարության շենք և Բաղրամյան 26, շատերն ավելի անհամբեր դարձան. մի՞թե…
 
Եվ գործող վարչապետի պարզաբանումը չուշացավ. 
 
- Տվյալ որոշումն ընդունում ենք զուտ օրենքի տեխնիկական պահանջը կատարելու համար, բայց  ցանկանում եմ արձանագրել, որ իսկապես տարօրինակ իրավիճակ ունենք: Կառավարությունը, պարզ է՝ մի շենքում կարող է տեղակայված չլինել, բայց որ վարչապետը երկու շենքում տեղակայված լինի, դա իսկապես մի փոքր տարօրինակ իրավիճակ է: 
 
Ուզում եմ հստակ արձանագրել, որ մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել, որովհետև հիմա այդ կապակցությամբ որոշակի կարծիքներ են հնչում, որ մենք կառավարությունում հայտնվելով մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել: Դա ամենևին այդպես չէ: 
 
Կարծում եմ, որ այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք, և հարցերին ոչ թե անձնավորված մոտեցումներ պետք է ցուցաբերել, այլ ինստիտուցիոնալ: 
 
Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից, և այդ նստավայրը ժամանակի ընթացքում մենք կվերադարձնենք նախագահի աշխատակազմին, ինչպես նախկինում եղել է: Այս պահին մենք մի քանի արարողակարգային խնդիրներ ունենք լուծելու: Գիտեք, որ վարչապետի և նախագահի կարգավիճակի փոփոխությունների առումով որոշակի արարողակարգային պարտականություններ կան և հիմա նոր Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը: Արարողակարգային որոշակի պարտականություններ կան, որոնք կապված են շենքային պայմանների հետ և մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչպես ենք այդ խնդիրը լուծելու, նաև աշխատակազմի և որոշ մարմինների տեղակայման հետ կապված խնդիրները պետք է լուծենք և, իհարկե, այս հարցը հնարավորինս կարճ ժամանակում կլուծենք: