«Լիդիան Արմենիան» այս պահին պատասխանատվություն չի կրում հանքավայրի տարածքում տիրող իրավիճակի համար

ՈՒՄ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՄ ՀԱՄԱՐ՝ ԲԻԶՆԵՍ-ՇԱՀ

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները և Ամուլսարի ծրագրի հարակից համայնքների հարյուրավոր բնակիչներ երեկ փորձում էին իրենց ձայնը լսելի դարձնել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ ինչպե իրենք էին նշում՝ «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ իրականացվող ապօրինի ակցիաների վերաբերյալ ճշմարտությունը Կառավարությանը ու հանրությանը ներկայացնելու նպատակով։
 
Կառավարությանը նրանք փոխանցվել էին վարչապետին հասցեագրված՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների և Ամուլսարի հարակից համայնքների՝ Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի բնակիչների նամակները՝ մոտ 1000 ստորագրություններով։
 
Իսկ այսօր՝ հուլիսի 3-ին, «Լիդիան Արմենիա» ընկերությունը նամակ է հղել ՀՀ Բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ Վարչապետին, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության  մշտադիտարկում և կառավարում: Համապատասխան նախարարություններն այս մասին տեղեկացվել են դեռևս հունիսի 28-ին:  
 
Ներկայումս Լիդիանի բնապահպանական անձնակազմը չի կարողանում վերահսկել մակերևութային ջրերի հոսքերը և ջրի որակը: Ընկերությունը չի կարող իրականացնել փոշու կառավարում հանքավայրի տարածքում առանց հանքային  օպերատորների և ջրցան մեքենաների: Մոնիտորինգի ծրագրի շրջանակներում իրականացնում է նաև մեկ այլ կարևոր գործողություն՝ օդի որակի պասիվ մոնիտորինգը, որը կատարվում է 11 վայրերում և այժմ խափանվել է:
 
Լիդիանը զգալի ժամանակ և գումար է ներդրել, որպեսզի ժամանակակից մեթոդներով իրականացվի ամենախիստ չափանիշներին համապատասխան ապագա թափոնների կառավարման ռազմավարությունն Ամուլսարում: Սա ներառում է հանքավայրի տարածքում լաբորատոր սարքավորումներով իրականացվող աշխատանքները, որոնք պահանջում են կանոնավոր պահպանություն և մշտադիտարկում, նմուշների առաքում հանքից դուրս գտնվող լաբորատորիա: Այս աշխատանքներն արդեն 10 օր է ինչ դադարեցված են, ինչը կարող է վտանգել գրեթե վեց ամսվա աշխատանքը:
 
Լիդիանը տեղեկացնում է ՀՀ պետական մարմիններին, որ ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Ամուլսարի հանքավայրի անձնակազմն այլևս պատասխանատվություն չի կրում հանքավայրում տիրող ներկայիս պայմանների համար:
 
Ի վիճակի չլինելով իրականացնել որոշ պարամետրերի վերահսկողությունը, մենք այժմ չենք կարող գնահատել մեր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը կամ միջազգային լավագույն պրակտիկային (որին մենք հղում ենք անում, երբ ՀՀ օրենսդրությունում բացակայում է տվյալ չափանիշը): Այս անկարողությունը պետք է արձանագրվի առաջիկա եռամսյակային մոնիտորինգի զեկույցում:
 
Ընկերությունը նաև հիմնավոր կասկածներ ունի, որ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած որոշ անձանց կողմից կատարվում է ընկերությանը պատկանող գույքի և սարքավորումների հափշտակություն: Ընկերությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ մեղավոր անձանց հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև տարածքում վերահսկողություն իրականացնելու պահանջով: