Պաշտոնական առաջին այցի առաջին կանգառը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ

Թերևս պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկապես ՀՀ սահմանադրության օրն է այցելել սահմանապահ Սյունիքի մարզ: Պատահական չէ նաև, որ վարչապետի պաշտոնում Հայաստանի մարզեր իր առաջին այցը Սյունիքում է անցկացնում, ուր մեղանչանք է հայտնել, որ մարզը չէր ընդգրկել թավշյա հեղափոխության նախասկիզբ երկշաբաթյա քայլերթի ծրագրում:
 
- Ես շատ ցավում եմ, որ մեր թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության ժամանակ և քայլարշավի ժամանակ: Ճիշտն ասած՝ շատ մեղավոր էի զգում ինձ, որ Սյունիքը քայլարշավի մարշրուտում տեղ չէր զբաղեցրել, բայց եթե ասենք օրինակ՝ Մեղրիից սկսեինք, հիմա, երևի նոր Երևան կհասնեինք,- այդ «բացթողումը» բացատրելի է դարձրել Ն. Փաշինյանը:
 
Մարզում առաջին կանգառը Սիսիանն է, որտեղ մեկնարկած՝ հանրության և համայնքների ղեկավարների հետ հանդիպումները կշարունակվեն նաև մարզի մյուս քաղաքներում՝ Կապանում, Մեղրիում, Գորիսում, Քաջարանում: Հանդիպումները գործնական են, և դրանց նպատակն ամենուր նույնն է՝
 
- Ծանոթանալ տեղի խնդիրներին, լսել ձեր մտահոգությունները, հասկանալ առաջնահերթությունները, քննարկել, փնտրել եւ գտնել լուծման ուղիները: Մենք պայմանավորվել ենք, որ մեր հիմնական ժամանակը կտրամադրենք ձեզ հետ հիմնական հարց ու պատասխանին,- ասել է իր հետ հանդիպելու եկած սիսիանցիներին՝ ևս մեկ անգամ պարտավորեցնելով նրանց համատեղ շենացնել երկիրը.
 
- Որևէ մեկին թույլ չտաք ձեր հաղթանակը ձեր ձեռքից առնել, որովհետև դուք հաղթած ժողովուրդ եք և պետք է մնաք հաղթած ժողովուրդ, ինչի կապակցությամբ ես ուզում եմ ասել, որ խոնարհարվում եմ յուրաքանչյուրիդ առաջ, հպարտ եմ ձեզանով, սիրում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ: …Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան և հաղթանակածի զգացողությունը պետք է լինի հավիտյան:
 
Ուզում եմ ընդգծել,որ դո՛ւք եք լինելու ձեր հաղթանակի տերը: 
 
Ձևական պաթոսի փոխարեն վարչապետին են ներկայացվում կոնկրետ խնդիրներ, որոնք խանգարում են բնակչությանը: Իսկ դրանք բազմաթիվ են ու բազմապիսի: Եվ ձևական խոստումներ հնչեցնելու պրակտիկան մերժող Ն. Փաշինյանն ընդծել է, որ այսօր հնչող շատ հարցերի դեպքում ինքը բնակիչների ասածն ընդամենն ընդունելու է ի գիտություն.
 
- Ի՞նչ եմ անելու: Ճշտելու եմ, թե ինչ իրավիճակ է կոնկրետ կապված ձեր նկարագրածի հետ և, բնականաբար, եթե այդտեղ լինեն քաղաքացիների իրավունքների խախտումներ, պետք է անպայման այդ հարցը լուծվի: