Անպատժելիությունն անցյալ է դարձել` հաշվի՛ առեք

ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ` Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՐ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ

03.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում 05.07.2018թ.-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին: (Էդ.Բաբայանը մինչ այս ճանաչված էր որպես Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ)
 

Այսպես, Վյաչեսլավ Հարությունովի որդին 2012 թվականին տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը` դարձել է աշխարհի չեմպիոն, որով պայմանավորված` Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել է օժանդակել նրա որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:

2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո` ժամը 18:30-ի սահմաններում, Վ. Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը:

Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը` խմբով, Վ. Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` գլխուղեղի ցնցման, դեմքի և կրծքավանդակի վնասվածքների, կողոսկրի կոտրվածքի և աջակողմյան պնևմոթորաքսի ձևով` ուղեկցված սուր շնչառական անբավարարությամբ:

05.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան`Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 06.07.2018թ.-ին  դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Է. Բաբայանը կալանավորվել է: