«Յուրաքանչյուր որոշում ունի իր գինը ». Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներն, անշուշտ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի հստակ ու առարկայան դարձրին մարզին առնչվող խնդիրները, որոնցից շատերն անլուծելի են թվում մարզաբնակներին:

Իսկ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը, թերևս, ամենասպասվածն էր` ոչ միայն վերջիններիս համար:

Այսօր` հուլիսի 6-ին, վարչապետը Կապանից ուղևորվել է Ջերմուկ: ՈՒղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ նա հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել  է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի փաստահավաք նշանակություն: Հանդիպման ընթացքում վարչապետն առաջարկել է հանդիպում անցկացնել բողոքող ցուցարարների և հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ, լսել միմյանց դիրքորոշումներն ու հանգել որոշումների, ինչին կողմերը դրական են արձագանքել:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ջերմուկում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանքի շահագործման գործընթացը սկսվել է 12 տարի առաջ, եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք` ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտակայքում:

- Ունենք իրավիճակ, երբ կատարվել է ահռելի ծավալի ներդրում, որը դե յուրե տեղի է ունեցել ՀՀ կառավարության թույլտվությամբ, համենայն դեպս, գոնե այս պահին չունենք տեղեկատվություն, որ ինչ-որ կարգ է խախտվել: Հանքի շահագործման հետ կապված սկսվել են ստուգումներ, որոնք կշարունակվեն: Պետք է պատասխանենք երկու հարցի. առաջին՝ պարզել հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, երկրորդը՝ պարզել հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք զարգացման վրա,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ ի սկզբանե էլ ասել է, որ հանքի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի, այլ ոչ թե էմոցիաների վրա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ էմոցիոնալ որոշումները պետական կառավարման համակարգում այնքան էլ օգտակար չեն և առկա է իրավական վիճակ, որի յուրաքանչյուր հանգուցալուծում ունի իր հնարավոր զարգացումները:

- Եթե մենք այս իրավիճակում որևէ ապօրինություն թույլ տանք՝ գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնել:

Պետք է հասկանանք հետևյալը՝ համաձայ՞ն ենք արդյոք ի գիտություն ընդունել փորձագիտական դե յուրե պատասխանները վերը նշված հարցերի շուրջ: Ցանկացած որոշում պետք է
կայացնենք փաստերի հիման վրա: Հույս ունեմ, որ ներկաները համոզված են, որ մենք, և կոնկրետ ես, այս հարցում չունենք ոչ մի այլ շահագրգռություն՝ բացի Հայաստանի հավասարակշռված շահը,
- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն առաջարկել է վերը նշված երկու հարցերի շուրջ պետության, բնապահպանների և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել վստահելի եռակողմ մեխանիզմ, որպեսզի դրանց վերաբերյալ լինի վերջնական ու անառարկելի պատասխան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր կարծիքը պետք է ձևավորվի այս երկու հարցերի փորձագիտական, հիմնավորված և ապացուցված պատասխանների վրա. յուրաքանչյուր որոշում ունի իր գինը և ինքը չի կարող առանց հիմքերի որևէ որոշում կայացնելու մասին մտածել:

Վարչապետի առաջարկի հետ կապված բողոքող քաղաքացիները նշել են, որ պատրաստ են նման մեխանիզմ ստեղծել, եթե «Լիդիան Արմենիա»-ն ուսումնասիրության ընթացքում դադարեցնի գործունեությունը:

Իր հերթին, «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները նշել են, որ նույնպես պատրաստ են ընդունել վարչապետի առաջարկը, սակայն իրենց համար ընդունելի չէ այդ ընթացքում գործունեությունը կասեցնելու առաջարկը: Տեղի ունեցած քննարկումներից հետո վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ
պետությունը կհավաքագրի հանքի շահագործման հետ բոլոր փաստերն ու կարտահայտի իր դիրքորոշումը:

Վերադարձի ճանապարհին՝ Գնդեվազի մոտ, վարչապետը զրուցել է իր հետ հանդիպելու նպատակով ճանապարհին կանգնած գնդեվազցիների հետ: