Երբ վերականգնում է պետությանը հասցրած վնասը

2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում ՊԵԿ քննչական վարչությունում քննվող և նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր, արդյունքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 1.5 մլրդ դրամ:
 
Դեռ երկու օր առաջ ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացրել էր, որ  կազմակերպման և հսկողության վարչությունից քննչական վարչություն և հետաքննության վարչության հետաքննության բաժին  հաղորդումներ են ստացվել ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքների մասին: Պարզվել էր, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000,  53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց: Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական  վարչությունում և հետաքննության վարչության հետաքննության բաժնում  և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ: 
 
Իսկ ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների համատեղ խուզարկություններից հայտնաբերվել էին քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:   
 
Այսօր արդեն Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրապարակել է ներկա և նախկին պաշտոնյաների անունները, որոնց պատկանող գազալցակայաններում հայտնաբերել են հարկերից խուսափելու դեպքեր: 
8 կազմակերպություններին պատկանող գազալցակայանները խուսափել են, ընդհանուր առմամբ՝ 946 միլիոն դրամի հարկերից՝ պակաս ներկայացնելով իրացված գազի ծավալները:
 
Մասնավորապես, ստուգումներ են կատարվել Մհեր Սեդրակյանին, նախկին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայաններում: Բոլոր կազմակերպությունների նկատմամբ քրեական գործ է հարուցվել և դրանց շրջանակներում հաշվարկվում է պետությանը հասցված վնասի չափը: Իսկ երբ կազմակերպությունը վերականգնում է պետությանը հասցրած վնասը, քրեական գործը կարճվում է: 
 
- Միջազգային պրակտիկայում ընդունված մի կարևոր բան կա. տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջը հանրության շրջանում: Պետք չէ տնտեսավարողին դատել, նստեցնել ու արգելել գործարարությամբ զբաղվել, որովհետև դրա արդյունքում մենք պոտենցիալ վճարումներ ենք կորցնում: Հարկ վճարողի վարքագիծը պետք է գնահատել ու նրան ճիշտ ուղու վրա դնել,- նկատել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
 
Ի դեպ,«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությում աղմկահարույց բացահայտուներից հետո արդեն վերականգնվել է մի մասը և եթե մինչև հուլիսի 20-ը հատուցվի պատճառած վնասը՝ նրանց դեմ հարուցված քրեական գործը նույնպես կկարճվի: