Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին փոփոխությունները, վերահաստատել Հայաստանի հանձնառությունները

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՄԱԿ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի մեկնարկին։ Առաջին փոխվարչապետը ֆորումի շրջանակում երեկ՝ հուլիսի 17-ին ներկայացրել է Հայաստանի ազգային կամավոր զեկույցը:
 
Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին փոփոխությունները, վերահաստատել Հայաստանի հանձնառությունները կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, որոնք արտացոլված են զեկույցում։ Հարցուպատասխանի փուլում Արարատ Միրզոյանին հարցեր են ուղղել Հունաստանի, Բելառուսի, Լիբանանի, Ադրբեջանի և քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ: 
 
Աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետի հանդիպումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Գարո Արմենի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  հեղափոխությունից հետո ստեղծված համագործակցության նոր հնարավորություններին։ Արարատ Միրզոյանն ու Գարո Արմենը քննարկել են նաև հիմնադրամի ջանքերով Լոռիում վերջերս կառուցված սմարթ կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է գյուղական շրջանների հայ երեխաների ներուժի բացահայտմանն ու նրանց ինքնադրսևորմանը։
 
Կարևորվել է նոր նմանատիպ կենտրոնների հիմնադրումը Հայաստանի Հանրապետության այլ մարզերում։ Որպես գործակցության նոր և հեռանկարային ոլորտ ուղենշվել է դեղագործությունը։ Փոխվարչապետը շրջել է հիմնադրամի կենտրոնակայանում, ծանոթացել անձնակազմին։