Դատարանը բավարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցն ընդդեմ ԱԳՆ-ի

Վարչական դատարանը բավարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դեմ «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցապահանջը՝ տեղեկատվություն տրամադրելը պարտավորեցնելու մասին:
 
Մասնավորապես, խոսքը վերաբերում է դեռ 2014թ. դեկտեմբերի 20-ի թվագրվող «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիմումին, որով կազմակերպությունը նախարարությունից պահանջում էր իրեն տրամադրել Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի սակագնային կարգավորումներին վերաբերող դրույթների լուսապատճենները: Այդ ժամանակ արտգործնախարարությունը մերժել էր տրամադրել նշված նյութերը՝ պատճառաբանելով, որ այն գաղտնագրված է։ 
 
Չտրամադրված տեղեկատվությունը տրամադրել պարտավո¬րեցնելու պահանջով «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ն արտգործնախարարության դեմ հայցով դիմել էր ՀՀ վարչական դատարան: 
 
Վարչական դատարանը 2016թ․ հոկտեմբերի 7-ին հրապարակած վճռով բավարարել էր հայցապահանջը, սակայն Արտաքին գործերի նախարարությունը վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարանում, որը բողոքը մասամբ բավարարել էր, բեկանել դատական ակտը և նոր քննության ուղարկել վարչական դատարան։ 
 
Գործի նոր քննության ընթացքում վարչական դատարանը նախարարությունից պահանջել է համապատասխան ապացույցներ, որոնք կհաստատեն, որ պահանջված փաստաթղթերը պետական գաղտնիք են: Համապատասխան ապացույցներ չստանալուց հետո վարչական դատարանը 2018թ. հուլիսի 10-ի վճռով կրկին բավարարել է «Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցապահանջը և նախարա¬րությանը պարտավորեցրել է վերջինիս տրամադրել Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի սակագնային կարգավորումներին վերաբերող դրույթների լուսապատճենները։
 
Հիշեցնենք, որ 2010թ. հուլիսին մեկնարկեցին ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ 2012թ. հունիսին` Ասոցացման համաձայնագրի մաս կազմող խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները: 2013թ. հուլիսին բանակցությունները բարեհաջող ավարտվեցին, սակայն համաձայնագիրը չկնքվեց, քանզի 2013թ․ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի դադարեցրեց ԵՄ ասոցացման գործընթացը՝ հայտարարելով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին։
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»