Ռ. Քոչարյանը ՀՔԾ-ում է

Վերջին տասը տարիների ընթացքում մարել էր հանրային հետաքրքրությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Մարել էր նաև դժգոհության ալիքը նրա կառավարումից, որովհետև նրա իրավահաջորդի օրոք երկրում օրավուր վատթարացավ վիճակը: Եվ ահա այսօր կիզակետին է հասել նրա անձի շուրջ վերջին օրերի հետաքրքրվածությունը:
 
Ինչպես օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝
 
- Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր կամ կապի այլ միջոցներով:
 
Այսօր հուլիսի 26-ն է, և տեղեկացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) շենքում է, այս պահին քննչական գործողություններ են իրականացվում: Նախկին նախագահը 2008թ. Մարտի 1-ի գործով հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակում:
 
Հիշեցնենք, որ Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին, ինչը, սակայն, չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է: