Օրենքի գերակայությունը նախևառաջ պետության ու հանրային շահից պետք է բխի

«ԼԻԴԻԱՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ևՍ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է․ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՂԻ Է ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ»

- «Լիդիան Արմենիան» մեկ անգամ ևս պնդում է․ անհրաժեշտ է վերակագնել օրենքի գերակայությունը և «Լիդիան Արմենիային» անմիջապես հնարավորություն տալ վերահսկողություն իրականացնել իր իսկ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ,- ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Մենք էլ պնդենք ու հիշեցնենք, որ օրենքի գերակայությունը գործում է նաև պետական ու հանրային շահի տիրույթում ու, թերևս, ավելի գերակա պիտի դիտվի ցանկացած պարագայում:
 
Իսկ ի՞նչ նկատի ունի «Լիդիան»-ը՝  նշելով, թե «անվերահսկելի իրավիճակն Ամուլսարի տարածքում հղի է անկանխատեսելի հետևանքներով»: Հուսանք՝ ո՛չ սպառնալիք:
 
Արդեն մի քանի օր է՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը այսօրինակ ահազանգեր է տարածում: Օրինաչափ է. կազմակերպությանը մտահոգում  է իր եկամտի աղբյուրից զրկվելու հեռանկարը: Իսկ Հայաստանի այդ ու շրջակա տարածքներին սպառնացող վտանգը, բնականաբար, շահագործողներին չի հուզում:
 
Ամուլսարի ծրագրի տարածքում բռնկված հրդեհից առաջ Ընկերությունը պատկան մարմինների ուշադրությանն էր ներկայացրել Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատի հայտարությունը (27/07/18)՝ խնդրելով պարզել, թե՝ 
 
- Հատկապես ինչ տեղեկատվության է տիրապետում ԶՊՄԿ-ն՝ «Ջերմուկում ստեղծված իրավիճակ» հայտարարելով։ «Լիդիան Արմենիան» պահանջում է  քննությամբ պարզել ԶՄՊԿ-ի հայտարարության մեջ ակնարկված «իրավիճակը» ինչպես է ստեղծվել՝ ում նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ, և հատկապես պարզել այդ «իրավիճակի» ստեղծման գործում ԶՄՊԿ-ի հնարավոր ներգրավվածությունը և հետևաբար՝  շահագրգռվածության շարժառիթները։ 
 
Երեկվանից արդեն «Լիդիան Արմենիան» խուճապ է հնչեցնում հրդեհի հետևանքով իրենց կորուստների առնչությամբ՝ ընդգծելով, որ «Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են, և հաշվարկված չէ հնարավոր վնասի չափը»:
 
- Հիշեցնենք, որ երեկ 16:00-ին հրդեհ էր բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և տարածվել էր Ամուլսարի շինհրապարակ: Արդեն մեկ ամսից ավելի ապօրինի փակ ճանապարհների պատճառով տարածքում չեն եղել Լիդիանի աշխատակիցներ: Հրդեհը ժամանակին չհայտնաբերելու և չկանխարգելելու պատճառով այն բավականին տարածվել էր և կարող էր դառնալ լուրջ բնապահպանական աղետ՝ շրջակա միջավայրի կենսաբազմազանության ոչնչացման առումով։ Հրդեհի բռնկումից մի քանի ժամ անց միայն ԱԻՆ աշխատակիցների հետ տարածքի ապօրինի շրջափակումը շրջանցած Լիդիանի աշխատակիցների և ԱԻՆ համատեղ ջանքերով,   օգտագործելով Լիդիանի համապատասխան տեխնիկան, հնարավոր եղավ մարել հրդեհը։ Այդ ընթացքում կրակն արդեն դուրս էր եկել ծրագրի սահմաններից և արագությամբ տարածվում էր՝ մեծ մասշտաբներ ընդունելով։
 
«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ հանքավայրի տարածքում կատարված է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումային աշխատանք՝ շինարարություն, 80%-ից ավելի կառուցված է ոսկու կորզաման ֆաբրիկան, տարրալվացման հարթակը և մի շարք այլ կարևոր ենթակառուցվածքներ, որոնց մերձակայքում տարածվում էր հրդեհը։ Հրդեհի ծագման պատճառները հայտնի չեն:
 
Հիշեցնենք, որ Լիդիանը բազմիցս զգուշացրել էր պատկան մարմիններին, որ փակ ճանապարհների պատճառով չի վերահսկում իրավիճակը տարածքում և տարածքում հնարավոր են տարբեր կարգի արտակարգ իրավիճակներ: