Երկու ամերիկացի ԵՄՔԱ կամավորներ՝ հայոց որբերի հետքերով

ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԽՈՒՆԱՆՈՒՄ

Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա բացառիկ ցուցահանդես՝ նվիրված Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում կատարված Հայոց ցեղասպանության պատճառով Արևելյան Հայաստան գաղթած և այնտեղ հաստատված, հայոց որբերին օգնության հասած 2 ամերիկացի ԵՄՔԱ-ի կամավորականի (Ջոն Էլդեր և Ջեյմս Էրոլ) մասին: Ջոն Էլդերը և Ջեյմս Էրոլը Հայաստան ժամանեցին 1918թ. հունվարին և հայտնաբերեցին, որ Հայոց ցեղասպանության հետևանքները շարունակում են զգացվել երկար տարիներ և տարածվել Արևելյան Հայաստանում թուրքական զորքերի յուրաքանչյուր առաջխաղացմամբ: Ջոն Էլդերի կողմից հավաքագրված ապացույցները բացահայտում են, որ Արևելյան Հայաստանը զերծ չմնաց երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքներից:
 
Չորեքշաբթի՝ օգոստոսի 8-ին, Ամերիկայի հայկական համագումարը, Վաշինգտոնում Հայկական ազգային ինստիտուտը (ANI) և «Նարեկացի» արվեստի միությունը ներկայացնում են «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» պատմական լուսանկարների և ժամանակակից փաստաթղթերի վրա հիմնված բացառիկ ցուցահանդեսը:
 
Այս ցուցահանդեսը վերարտադրում է Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում հայերին բազում արհավիրքներից փրկելու Ջոն Էլդերի և Ջեյմս Էրոլի գործադրած գերմարդկային ջանքերի պատմությունը՝ հիմնված Էլդերի անձնական օրագրի, նրա պահպանած բնօրինակ ծառայողական փաստաթղթերի ու նրա մակագրած լուսանկարների վրա։
 
Խանդավառ կամավորականներ Ջոն Էլդերն ու Ջեյմս Էրոլը՝ նվիրված անվերջ թվացող Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցող ու սարսափելի պայմաններում կռվող զինվորների ոգին բարձր պահելու գործին, օրհասական պահերին որպես հերոսներ կանգնեցին նաև հայ ժողովրդի կողքին:  
 
Նրանք Երևան ժամանեցին 1918թ. հունվարին՝ «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի» (ԵՄՔԱ-ի) կենտրոն բացելու նպատակով, որը նրանց հաջողվեց 1918թ. փետրվարի 11-ին։ Նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ առաջնագծում իրավիճակի վատթարացումից հետո մայրաքաղաքում մնացած միակ ամերիկացիներն են լինելու՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի հնարավորության։
 
Առաջին համաշխարհային պատերազմը դեռ մոլեգնում էր, և Կովկասյան ճակատ հակաօսմանյան դաշնակից ուժերը նահանջում էին։ Հայ ժողովրդի գոյությունը մազից էր կախված, իսկ նոյեմբերի 11-ի զինադադարին դեռ ամիսներ կային։
 
1919 թվականի օգոստոսին՝ մինչ երկրից հեռանալը, Էլդերի ու Էրրոլի պատասխանատվության տակ էին գտնվում ամերիկյան օգնության ծրագրերի իրականացման գործընթացը, և նույն թվականին արդեն Ամերիկայից Հայաստան են ուղարկվում հրատապ օգնություն և կամավորականներ։ Հետագայում էլդերը գրում է. 
 
- Մեկ տարի Երևանում, այն էլ ինչպիսի՜ տարի։ Եթե մեկ տարի առաջ ինձ որևէ մեկն ասած լիներ, թե բացի ԵՄՔԱ-ն գլխավորելուց ղեկավարելու եմ նաև 7,500 աշխատակից ունեցող գործարաններ, 350 երեխայի օթևան դարձած որբանոցներ ու 120 մահճակալ ունեցող հիվանդանոց, կմտածեի, որ նա խենթ է։
 
1918թ. մայիսի 26-ին, երբ Օսմանյան կայսրության ուժերն առաջանում էին դեպի Երևան, Ջոն Էլդերը գրել էր. 
 
- Երբեք չեք կարող ասել, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Հենց թվում է, թե վերջը մոտ է, ճոճանակը թեքվում է մյուս կողմ... Սարդարապատում երկօրյա պատերազմից հետո թուրքերն ամբողջությամբ հետ էին շպրտվել։
 
Հաղթելով վճռորոշ ճակատամարտում՝ երկու օր անց՝ 1918թ. մայիսի 28-ին, Հայաստանն անկախություն հռչակեց։
 
Միայն մարտերի ավարտից հետո ի հայտ եկան կործանարար պատերազմի հետևանքները. Էլդերն ու Էրրոլը՝ Երևանում մնացած միակ ամերիկացիները, ականատես եղան պատմական իրադարձությունների ու սրտաճմլիկ մարդասիրական աղետի։ Մեկ տարի անցավ, մինչ մարդասիրական օգնության աշխատակիցների նոր խումբը Երևան հասավ՝ թեթևացնելու նրանց ծանր բեռը։ Այդ ժամանակ նրանց թափած ջանքերն ու ձեռքբերումները լեգենդ էին դարձել և՛ Հայաստանում, և՛ օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայում։
 
Ցուցադրությունում ներկայացված են 95 լուսանկարներ, որոնցից 64-ը  Ջոն Էլդերի լուսանկարների հավաքածուից են, 8-ը ժամանակակից արձանագրություններ ու փաստաթղթեր են, իսկ 4-ը՝ քարտեզներ: Էլդերի օրագրի թվով 32 մեջբերումները, որոնք վավերացնում են ներկայացված լուսանկարներում երևացող ապացույցները, ինչպես նաև ներածական և բացատրական տեքստը, լույս են սփռում նորանկախ Հայաստանի Հանրապետության կյանքի առաջին տարվա վրա: Ցուցադրությունում ներառված է լուսանկարների մի ամբողջ շարք, որը պատմում է Էլդերի՝ Հայաստանում ապրած տարիների մասին, նշվում են Ամերիկյան մարդասիրական օգնության մի քանի այլ աշխատակիցներ ևս:
 
Ցուցադրությունում ներկայացվող այլ ամերիկացիներից են Թբիլիսիում ԱՄՆ հյուպատոս Ֆ. Ուիլլոուբի Սմիթը, ով աջակցում էր մարդասիրական օգնության աշխատակիցների գործունեությանը, Ռոբերթ Մըք Դաուելը, ով ռազմաճակատում էր, երբ թուրքական ուժերը ներխուժեցին և ասպատակեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին), դոկտոր Ջոն Մեյնը՝ Այովա նահանգի Գրիննել համալսարանի նախագահը, ով Մերձավոր Արևելքի Ամերիկյան օգնության կոմիտեի կողմից ականատես եղավ Հայաստանում տիրող սարսափելի իրավիճակին, միսիոներ Գրեյս Նեփփը և Ամերիկյան ԵՄՔԱ-ի երկարամյա նախագահ Ջոն Մոթթը, ով իր ընկերոջ՝ նախագահ Վուդրո Վիլսոնի խրախուսմամբ երիտասարդ ամերիկացիներին ուղարկում էր այնտեղ, ուր զինվորների թիկունքում քաղաքացիական աջակցություն ցուցաբերելու կարիք կար:
 
Ջոն Էլդերը հատկապես ուրախ էր ողջունել իր նման ծնունդով Փենսիլվանիայից երկու հոգու՝ Փիթսբուրգից գործարար Հովարդ Հայնցին և Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի նախագահ Ուոլթեր Ջորջ Սմիթին, ով Հայաստան էր եկել Ամերիկյան նպաստամատույց վարչության (American Relief Administration) կողմից: Երկուսն էլ նշանավոր ընտանիքներից էին: Սմիթն ամուսնացած էր Էլիզաբեթ Դրեքսելի հետ, ում հորեղբայրը՝ բանկի կառավարիչ և բարերար Էնթոնի Դրեքսելը, հիմնադրել էր Ֆիլադելֆիայի Դրեքսել համալսարանը: Սմիթը դարձավ հայ ժողովրդի եռանդուն պաշտպանը:
 
Ցուցադրությունում տեղ գտած ապացույցները հայտնվել են տարբեր մարմինների համագործակցության շնորհիվ: Էլդերի ընտանիքի ու ԵՄՔԱ-ի աշխատակիցների թույլատրության ու տրամադրած ապացույցների շնորհիվ է, որ այս նվիրյալ հումանիստների պատմությունը չի մոռացվել ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում: Կովկասում հակամարտության գագաթնակետին, երբ մարդասիրական օգնության այլ աշխատողներ նախընտրեցին հեռանալ, Ջոն Էլդերը հրաժարվեց հեռանալ՝ վախենալով, որ օգնության ծրագրերի դադարեցման արդյունքում տասնյակ հազարավոր հայեր սովի կմատնվեն: Նրան է վերագրվում 15,000 հայ որբերին տրամադրված օգնությունը:
 
Ավելին, ԵՄՔԱ-ի ցուցադրությունը հիշեցնում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության հետևանքները շարունակում էին զգացնել տալ երկար տարիներ և տարածվել Արևելյան Հայաստանում թուրքական զորքերի յուրաքանչյուր առաջխաղացմամբ: Ջոն Էլդերի կողմից հավաքագրված ապացույցները բացահայտում են, որ Արևելյան Հայաստանը զերծ չմնաց երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքներից: 1919թ. հունվարի 16-ին նա գրել էր. «Փախստականների շրջանում հոլոքոստ [ու սպանդ] է տեղի ունեցել»:
 
Ցուցադրությունը կեզրափակվի ԱՄՆ նախագահ Հերբերթ Հուվերի կողմից հարգանքի տուրքի մատուցմամբ ԵՄՔԱ-ի այս երկու գործընկերների նշանավոր դերակատարմանը, ովքեր խիզախեցին Հայաստան գնալ Առաջին համաշխարհային պատերազմի թեժ տարիներին: Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը նշող ցուցադրությամբ երախտագիտություն են հայտնում նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի այսօրվա կամավորներին, ովքեր հետևում են Էլդերի և Էրրոլի քայլին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս կրտսերի ղեկավարությամբ, ով, ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարության Հայաստանի հարցերով առաջին պատասխանատուն էր, երբ Հայաստանը 1991թ. վերստին անկախություն ձեռք բերեց:
 
Ցուցահանդեսի բացումը կլինի փակ՝ միայն հրավիրատոմսերով, որին ներկա կգտնվեն Հայաստանի Հանրապետության  բարձրագույն պաշտոնյաներ, որից հետո այն կցուցադրվի մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ազատ մուտքով: