Օծվեց Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնված զանգակատան խաչը

Ձեռամբ Գուգարաց Թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օծվեց և տեղադրվեց Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնված զանգակատան խաչը։ Օծվեցին նաև բարերարների կողմից նվիրված Սուրբ Մկրտության, Սուրբ Հովհան Օձնեցի հայրապետի (նվիրատու՝ Արմեն Ռամազյան) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի (նվիրատու՝ Արմեն Թումանյան) սրբապատկերները։
 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Դսեղի հնագույն սրբավայրերից մեկն է՝ կառուցված 5-7 դարում, վերակառուցված 1900թ.։ Դեռևս խորհրդային շրջանում քանդված զանգակատունը վերականգնվել և եկեղեցին վերանորոգվել է ռուսաստանաբնակ Ալիկ և Կամո Գասպարյան եղբայրների և Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Արմեն Թումանյանի բարերարությամբ։
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը, տարածաշրջանի հոգևոր հայրեր, զանգակատան ճարտարապետը, աշխատանքներին մասնակցություն ունեցած շինարարները և բարեպաշտ ուխտավորներ։
 
Սրբազան Հայրը օրհնեց ներկաներին, գնահատանքի խոսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր իրենց նյութական ու բարոյական աջակցությունն են ցուցաբերել զանգակատան վերականգնման, եկեղեցու վերանորոգման աստվածահաճո գործին և բարերար Արմեն Թումանյանին նվիրեց պատկերազարդ ալբոմ։
 
Արարողության ավարտին բարերարների կողմից մատուցվեց մատաղ։
 
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ