Գործնական դրացիության հուսալի նախադրյալ

Թեև առերևույթ միշտ ջերմ են եղել հայ-վրացական հարաբերությունները, սակայն գործնական գործակցության պակասը ավելի շատ ձևական դրացիության տպավորություն էր թողնում՝ որքան էլ ամեն առիթով ու բաժակաճառի մակարդակով երկուստեք ջերմ խոսքեր են հնչել մեր երկեւ երկրների դարավոր բարեկամության մասին:
 
Այս մասին անցյալ ժամանակով խոսելը գուցեև փոքր-ինչ վաղ է, սակայն կարծես նոր կամուրջ է կառուցվում քրիստոնյա երկու հարևանների միջև: Այդ մասին են վկայում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ երկու երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակի բանակցությունները: Բանակցությունների ավարտից հետո պաշտոնյաները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
 
- Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում, և շարունակելու են պարբերական բնույթ կրել,- հավաստիացրել է ՀՀ վարչապետը՝ հավելելով՝ 
 
- Մենք քննարկել ենք մեր հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր՝ տրանսպորտային հարցեր, տնտեսական և քաղաքական փոխգործակցության հարցեր: Կարծում եմ, որ իսկապես ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքներով մենք նոր խթան կհաղորդենք մեր քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերություններին: 
 
Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձևակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում  փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի: Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և հստակ, պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը: 
 
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, վստահություն հայտնելով, որ հարաբերություններն է՛լ ավելի կխորանան տարբեր ուղղություններով, ինչի նախադրյալն ակտիվ փոխայցերն են, ողջունել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ակտիվացումը: 
 
- Այսօրվա հանդիպմանը ես և իմ գործընկերը քննարկեցինք համագործակցության հիմնական ուղղությունները և ընդգծեցինք ինտենսիվ քաղաքական հարաբերությունների մեր ձգտումը: Քննարկեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, նորարարության ոլորտներին վերաբերող հարցեր և համոզվեցինք, որ դեռ ունենք չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով: 
 
Մենք աշնան վերջին կհյուրընկալենք միջկառավարական հանձնաժողովին, որը կքննարկի նախագծեր և կարևոր գաղափարներ, թե ինչպես կարելի է մեր հարաբերություններն էլ ավելի խորացնել առևտրատնտեսական ուղղությամբ: 
 
Կողմերն այսօր պայմանավորվել են առաջիկայում տեղի ունենալիք Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին: Հանձնաժողովին կառաջադրվի կոնկրետ խնդիր՝ մինչև այդ ձևավորելով կոնկրետ ճանապարհային քարտեզ՝ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու համար: