«Հորդորում ենք՝ մինչև վերջ հետևողական լինել»
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ». ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉՎԵՆ

Մենք ևս մեկ անգամ հնչեցնում ենք թե՛ խորհրդային շրջանի գործակալական ցանցի և թե՛ Հայաստանի նորագույն պատմության մեջ կուսակցական համակարգում ապօրինի ներդրված կամ դրանցից հավաքագրված գործակալական ցանցի լյուստրացիայի անհրաժեշտության խնդիրը:
«Ժառանգությունը» շարունակում է աջակցել գործող կառավարությանը, այդ թվում՝ կոռուպցիայի հաղթահարման, տնտեսության ազատականացման ու հակամենաշնորհայնացման, 2008թ. մարտի 1-ի և նախկին իշխանությունների կատարած պետական այլ չարաշահումների բացահայտման ու մեղավորներին արդարադատության առջև կանգնեցնելու գործում:
Կատարվածը նաև հուշում է ԱԱԾ-ի՝ որպես Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգությունը ապահովող պետական հիմնական կառույցի, արմատական բարեփոխման, դրանում կադրային համալիր փոփոխությունների կարևորության մասին:
Հորդորում ենք իրավապահ մարմիններին՝ մինչև վերջ հետևողական լինել նշված ապօրինի գաղտնալսումը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու գործում։
«Ժառանգությունը» միաժամանակ կոչ է անում կառավարության համապատասխան կառույցներին՝ պահպանել առավելագույն զսպվածություն և հանդարտություն, ձեռնպահ մնալ այնպիսի կտրուկ գործողություններից, որոնք կարող են հակասել քաղաքացիական ազատության սկզբունքներին, վնասել ներհասարակական համերաշխությանն ու ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը: Կուսակցությունը վերստին հիշեցնում ու պնդում է, որ միակուսակցականությանն ուղղված քայլերն անհամատեղելի են Համաժողովրդական պայքարի ոգուն և նպատակներին:
«Ժառանգություն» կուսակցություն
12 սեպտեմբերի 2018թ.
Երևան