Ամերիկյան հողում հայկական ներկայության 400 ամյակը

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ 140 ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ՝ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշները՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: Ցուցադրությունը, ուր ներկայացված են թվով 140 նմուշներ, նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ այցելել է ցուցահանդես, շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված 4-17-րդ դարերի հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին:
 
Վարչապետը նշել է, որ 2018 թվականը խորհրդանշական տարի է, որի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակութային կապերը: 
 
- Այս տարի հայկական մշակույթը ներկայացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում աննախադեպ ձևով՝ մոտեցնելով Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ժառանգությունը մեր ամերիկացի բարեկամներին: Այս տարի նշվում է ամերիկյան հողում հայկական ներկայության 400 ամյակը: 1618 թվականին առաջին հայը՝ Մարտին անունով, հասել է Վիրջինիայի ափերին և բնակություն հաստատել Ջեյմսթաունում: Այդ օրվանից ի վեր մեր հայրենակիցների ներկայությունն այս հողի վրա չի ընդհատվել, ինչպես և նրանց ներդրումն իրենց նոր հայրենիքի մշակույթի մեջ: Այս տարի ավելի վաղ հայկական մշակույթը՝ սովորույթներն ու ավանդույթները, ցուցադրվել են Վաշինգտոնում՝ ԱՄՆ մայրաքաղաքի սրտում, ազգային Մոլում, Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի շրջանակում: Այն մեզ աննախադեպ հնարավորություն տվեց հայկական մշակույթն իր յուրահատուկ բազմազանությամբ ներկայացնել ամերիկյան հասարակությանը, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հազարավոր զբոսաշրջիկների: Մի քանի շաբաթ առաջ մեր երկու ժողովուրդները միասին նշեցին Պուլիտցերյան մրցանակակիր, դրամատուրգ և գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակը: Սարոյանի ժառանգությունը նշելու նպատակով, որը թանկ է մեր երկու ժողովուրդների համար, հեղինակի հայրենի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում բացվել է Սարոյանի թանգարանը: Որպես Միացյալ Նահանգներում Հայաստանի համար այս աննախադեպ իրադարձային մշակութային տարվա գագաթնակետը՝ այժմ ես մեծ պատիվ ու անձնական ուրախություն ունեմ ականատես լինելու այս յուրահատուկ ցուցահանդեսի բացմանը, շատ առումներով եզակի ցուցահանդես,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ այն ներկայացնում է հայկական ինտեգրված մշակույթը, որպես նաև արևմտյան մշակույթի և քրիստոնյա քաղաքակրթության ներկայացուցիչ:
 
Վարչապետը նկատել է, որ «Այս նշանավոր նախաձեռնության շնորհիվ Մետրոպոլիտենի տասնյակ հազարավոր այցելուներ կծանոթանան մեր ազգի պատմական և մշակութային ժառանգությանը, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այսօր ներկայացվում են ավելի քան 140 նմուշներ` պատկերազարդ ձեռագրեր, եկեղեցիների մանրանկարներ, խաչքարեր, տպագիր գրքեր և այլ եզակի ցուցանմուշներ, ներառյալ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիցակի, Թորոս Տարոնացու, Հակոբ Ջուղաեցու, Գրիգոր Տաթևացու ստեղծագործություններ: 
 
Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է, որ շատերի համար Մետրոպոլիտենում «Հայաստան» ցուցահանդեսը երազանքի իրականացում է: 
 
Նա ընդգծել է, որ այն հնարավոր է դարձել տիկին Հելեն Էվանսի և նրա գործընկերների ջանքերի շնորհիվ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև թանգարանի նախագահ Դանիել Վայսին, թանգարանի տնօրեն Մաքս Հոլիին, միջոցառման համակարգողներին, ինչպես նաև բոլոր անհատ նվիրատուներին, հիմնադրամներին, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարաններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: