Պետություն-մասնավոր նոր հարթակ՝ «Տուրիզմ Արմենիա»
Պետություն-մասնավոր համագործակցությունը և դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու, միասնական ձայնով հանդես գալու նպատակով այս տարվա օգոստոսին ստեղծվել է «Հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների ասոցիացիան»։ Ասոցիացիան նպատակ ունի աշխարհի այլ երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային ուղղությունը խթանել «Տուրիզմ Արմենիա» բրենդով։

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հիմնադրել են Հայաստանի ներգնա զբոսաշրջային ուղևորահոսք ապահովող 13 տուրօպերատորներ։ Ներկայում զբոսաշրջային 30-ից ավելի ընկերություններ բանակցում են՝ ասոցիացիային անդամակցության համար։ «Տուրիզմ Արմենիայի» խորհուրդը նոր անդամների համար խստագույն չափորոշիչներ է սահմանել. անդամագրվել կարող են բացառապես ներգնա (դեպի Հայաստան) զբոսաշրջային հոսքեր ապահովող ընկերությունները։
- Աշխարհում հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը խթանելուց բացի, ասոցիացիան նաև շահավետ հարթակ է լոբբիստական աշխատանքի համար՝ մասնավոր հատվածի շահերը կառավարությանը ներկայացնելու և կառավարության նախաձեռնած փոփոխություններն ավելի հեշտությամբ մասնավորին ընդունելի դարձնելու նպատակով,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի մասնագետներն արդեն սկսել են նաև ուսումնասիրել Հայաստանում զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգի նախագիծը, որը կառավարությունը վերջերս է դրել շրջանառության մեջ՝ շահագրգիռ կողմերի առաջարկները հաշվի առնելու նպատակով։