Մի պատառ Իսպանիա՝ Կոտայքում

ԳՐԱԴԱՐԱՆ՝ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԵՋ

Անցյալ շաբաթ, երբ Իսպանիայում նշվում էր ազգային տոնը, Կոտայքի մարզային գրադարանում բացվեց իսպանական գրականության փոքրիկ անկյուն:

Անկյունը ստեղծվել է իսպանահայ բանաստեղծ, «Արարատ» հայկական միության նախագահ Ա. Ղուկասյանի և գրադարանի սերտ համագործակցությամբ: Հայ-իսպանական բարեկամության առհավատչյա այս փոքրիկ գրադարանը ներառում է ավելի քան 100 միավոր իսպաներեն գիրք և ամսագիր:

Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Ա. Խեչոյանի հավաստմամբ՝ այն հետագայում կընդլայնվի ինչպես Վալենսիայի «Արարատ» հայկական միության հետ համագործակցության, այնպես էլ գրադարանի միջոցներով գրքեր ձեռք բերելու շնորհիվ:

Ցերեկույթի ընթացքում խոսվեց աշխարհում իսպանական բազմազան մշակույթի դերի և ազդեցության մասին: Ներկաները հաճույքով ունկնդրեցին հաղորդավար Անահիտ Խլղաթյանի կատարմամբ հնչած  Պաբլո Ներուդայի իսպանալեզու ստեղծագործություններից մի քանիսը, ինչպես նաև Պ. Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը՝ Արարատ Ղուկասյանի թարգմանությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ-ի իսպաներենի դասախոս Ռ. Պետրոսյանը: Գրադարանի ընթերցող Սոֆի Հովհաննիսյանն իր երաժշտական կատարումներով եզրափակեց ցերեկույթը:

Միջոցառմանը ներկա էին գրադարանի ակտիվ ընթերցողներ, թարգմանիչներ, դերասաններ: