«Միասին հանուն Հայաստանի»

ՅՈՒՆԻՍԵՖը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Արգենտինայի հայ համայնքը միավորել են իրենց ջանքերը հանուն Սպիտակ քաղաքի:
 
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր Երևանում հանդիպել են հանրահայտ երգչուհի, դերասանուհի և ՅՈՒՆԻՍԵՖ Բարի կամքի դեսպան Նատալիա Օրեյրոյի հետ՝ քննարկելով «Միասին հանուն Հայաստանի» ծրագրի մանրամասներն ու հեռանկարները: Ծրագիրը, որը մեկնարկել է այս տարի, կյանքի է կոչվել ՅՈՒՆԻՍԵՖի հայաստանյան ու արգենտինյան գրասենյակների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան գրասենյակի և արգենտինայի հայ համայնքի համատեղ ջանքերով:
 
- Որպես ՅՈՒՆԻՍԵՖի Բարի կամքի դեսպան, պետք է նշեմ, որ բարեգործությունը սահմաններ չունի: Շատ ուրախ եմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինան, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը միավորել են իրենց ջանքերը հանուն այս գեղեցիկ երկրի երեխաների: Հրավիրում եմ բոլորին, որպեսզի աջակցեն «Միասին հանուն Հայաստանի» նախաձեռնությանը,- հանդիպմանը նշել է Նատալիա Օրեյրոն:
 
Ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի՝ 2018թ-ի նոյեմբերին ՅՈՒՆԻՍԵՖի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան գրասենյակները ստորագրել են համաձայնագիր՝ համատեղելու ջանքերը հանուն հայ երեխաների և երիտասարդների առողջության, կրթության և պաշտպանության և այս նպատակով ֆոնդահայթայթման աշխատանքներ իրականացնելու: 2018-ի դեկտեմբերի 7-ին երկու կողմերը կազմակերպել էին գալա ընթրիք, որին մասնակցել են Արգենտինայի կառավարության, մասնավոր հատվածի և հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև հայտնի անձինք և մտավորականներ: Ընթրիքի ընթացքում հանգանակվել է 9,262,000 արգենտինյան պեսո:
 
2019-ին այս գումարը կուղղվի անմիջապես Սպիտակ՝ չորս ուղղություններով: Այսօր արդեն ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սպիտակում կառուցում է առաջին ներառական խաղահրապարակը հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների և դեռահասների համար և բարելավում է քաղաքում մանկաբուժական ծառայությունների որակը: Շուտով կսկսվեն երիտասարդների վերապատրաստման և նրանց 21-րդ դարի հմտություններով վերազինելու աշխատանքները, որը կօգնի երիտասարդներին ավելի վստահ կերպով մուտք գործել աշխատաշուկա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖը նաև կաշխատի Սպիտակի վերջերս վերակազմավորված երեխայի զարգացման ցերեկային խնամքի կենտրոնում՝ բարելավելու պայմաններն ու վերականգնողական և կրթական ծառայությունների որակը: