Հարվարդի համալսարանի «Ֆլագշիփ» դասընթացը՝ առաջին անգամ Հայաստանում

Համաշխարհային բանկը, առողջապահության նախարարության հետ համատեղ, առողջապահության ոլորտի բարեփոխումների հնարավոր տարբերակների քննարկման նպատակով Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Հարվարդի համալսարանի «Առողջապահական համակարգերի հզորացում. առողջապահական համընդհանուր ծածկույթի ներդրումն անցումային ժամանակաշրջանում» «Ֆլագշիփ» դասընթացը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
 
Դասընթացին ներկա են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, առողջապահության նախարարության քաղաքականություն մշակողներ, ինչպես նաև այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։
 
Առողջապահական համընդհանուր ծածկույթը (ԱՀԾ) ենթադրում է ամբողջ ազգաբնակչության համար որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում՝ առանց որևէ ֆինանսական խնդրի։ 
 
ԱՀԾ և կայուն զարգացման ծրագրի այլ նպատակների իրագործմանը զուգահեռ՝ Հայաստանում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, այդ թվում՝ ժողովրդագրական, համաճարակաբանական և առողջապահության ֆինանսավորման, որոնք ազդում են իրականացվող ծախսերի բնույթի վրա և իրենց ազդեցությունն են թողնում առողջապահական համակարգի վրա։
 
Մասնակիցները մի քանի օր շարունակ հնարավորություն ունեն վերլուծելու, քննարկելու և մշակելու առողջապահական համակարգերի ամրապնդումը և ՀԱԾ քաղաքականությունը։