Կրթական քաղաքականության առաջնահերթություններում կարևորել խորհուրդների դերը

Կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգող խումբն այսօր կոչ է տարածել՝ Երևան քաղաքում հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհուրդների առկա գործելաոճի վերաբերյալ: Մասնավորապես՝
 
- Հայաստանում հանրակրթական դպրոցի խորհուրդը դպրոցների ժողովրդավարացմանը, դպրոցների բյուջեների կոռուպցիոն չարաշահումները ու կրթական շահառուների մասնակցայնություն ապահովող ու վերահսկողություն իրականացնող մարմին է: Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ սատարում է ՀՀ կրթության քաղաքականության այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված կլինեն դպրոցների խորհուրդների անկախ ու իրավաչափ կայացմանը:
 
Միաժամանակ, Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը իր հիմնավոր տարակուսանքն է հայտնում Երևան քաղաքում դպրոցների խորհուրդներում Երևանի քաղաքապետարանի կողմից ընդգրկված ներկայացուցիչների կրավորական պահվածքի, կրթության ժողովրդավարացման մեխանիզմների ոչ բավարար իրազեկվածության ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի ու գործողությունների բացակայության մասին, ինչին ականատես են եղել ԿՔՆ անդամները՝ Երևանի մի շարք դպրոցներում նոր ձևավորված խորհուրդների նիստերին մասնակցելու ընթացքում: Համոզված ենք, որ ժողովրդավարութունը չի կարող կայանալ առանց ժողովրդավարների ու ծանոթ-բարեկամական ցանցերի տրամաբանությամբ առաջնոդվող կամ ոչ իրազեկված խորհրդի անդամները չեն կարող անկախ որոշումներ կայացնել, ինչը կարող է շրջել ժողովրդավարական ռեֆորմների գործընթացը հակառակ ուղղությամբ:
 
Հուսով ենք, որ Երևանի քաղաքապետի հրամանով ձևավորված խորհրդի բոլոր անդամները կգիտակցեն իրենց պատասխանատու դերը՝ դպրոցների ժողովրդավարացման, դպրոցների զարգացման նոր ծրագրերի ստեղծմանը շահագրգիռ մասնակցություն ունենալու և երեխաների կրթության որակը բարելավելու գործում՝ չխնայելով ջանք ու եռանդ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ստանալու ու կիրառելու գործում և կայացնելու ազատ ժողովրդավարական հասարակության արժեքներին համահունչ դպրոցական խորհուրդներ ու վերահսկող մարմիններ:
 
Կոչ ենք անում Կրթության ու գիտության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին նախատեսել լրացուցիչ միջոցառումներ՝ դպրոցների խորհուրդների ընդգրկված անդամների իրազեկվածությունն բարձրացնելու, ինչպես նաև հստակ ուղերձներ փոխանցելու, Նոր Հայաստանի կրթական քաղաքականության առաջնահերթություններում խորհուրդների դերի կարևորության մասին: