Սահմանադրությունը ժողովրդի համար է, և ոչ թե՝ ժողովուրդը սահմանադրության համար

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԿՈՉԸ «ԱՆԿԱԽ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻ

ՀՀ իշխանական երեք թևերից երկուսը՝ գործադիր իշխանությունը և օրենսդիր մարմինը, ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանական երկու թևերն են, սակայն դատական իշխանությունը դեռ մնում է հին կոռումպացված իշխող կլանի, կամ կլանների վտանգավոր ազդեցության ներքո:
 
Հին իշխանությունների մնացուկները և նրանց կերակրատաշտից օգտվողները չգտնվեցին այնքան խոհեմ, որ ի շահ երկրի անվտանգության և զարգացման՝  նեղ անձնական ու խմբակային շահերը մի կողմ թողած՝ չխոչընդոտեին  իրավական համակարգի սահուն և անխափան անկախացմանը , այլ ընդհակառակը,  նրանք, բաժանիր որ տիրես քաղաքականության տրամաբանությամբ, ժողովրդից թալանած միջոցները ծախսեցին ու ծախսում են՝ երկիրը  քաոսի վերածելու և իրենց հակազգային իշխանությունը հետ բերելու: 
 
ՀՀԿ-ՀՅԴ և Քոչարյանական բանդան, չարաշահելով սահմանադրությամբ բոլորին տրված իրավունքներից և իշխանությունների երաշխավորումից, անպատժելիության հոգեբանությամբ՝ նույնիսկ Արցախը խառնեցին իրենց կեղտոտ գործերի մեջ և իրենց մորթապաշտության և դավադրական քայլերով ստիպեցին, որ ժողովուրդը մի անգամ ևս  հրապարակ իջնի և նրանց ցույց տա իրենց իսկական տեղը: 
 
Այս դավադիր ուժերը, չունենալով ոչ մի կռվան և հենարան, կախվում են փրփուրներից և վարչապետի քայլը համարում՝ իբր հակասահմանադրական: Որոշ ընդդիմադիրներ էլ պարզապես չգիտակցելով պահի լրջությունը և հեղափոխությանը սպառնացող վտանգը, ակամա տուրք են տալիս  թալանչիներին և երկիրը կործանման եզրին հասցրած կլանին, իսկ մի փոքրաթիվ խումբ էլ պարզապես 30 արծաթով ծախեց ու ծախում է իր հոգին:
Սահմանադրությունը ժողովրդի համար է, և ոչ թե՝ ժողովուրդը սահմանադրության համար:
 
Սահմանադրությունը երաշխավորում է ժողովրդի խաղաղ ցույցերի և ակցիաների միջոցով կամարտահայտության ազատությունը, լինի դա վարչապե՛տ Փաշինյանի գլխավորությամբ, կամ ընդդիմադի՛ր Փաշինյանի գլխավորությամբ, հարցի էությունը դրանով չի փոխվում:
 
Սահմանադրության անունից թող ոչ ո՛ք կոկորդիլոսի արցունք չթափի:
Կոչ ենք անում Սփյուռքի մեր հայրենակիցներին, հանուն Հայաստանի և Արցախի հզորացման ու անվտանգության, հանուն ազատ, ինքնիշխան և իրավական պետականության, միանալ հայաստանաբնակ մեր հայրենակիցներին, թույլ չտալ հնի վերադարձը, քանդել իրավական կոռումպացված համակարգը, ստեղծել իսկական անկախ իրավական համակարգ և անշեղորեն քայլել դեպի առաջ:
 
Եվրոպայի Հայերի Համագումար
Ուփսալա – Շվեդիա