Հաղթողներին վայել մեծարում՝ Մեծավանում

ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԻՆ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ

Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում հաղթական տրամադրությամբ և աղ ու հացով, զուռնա-դհոլով դիմավորեցին Ուկրաինայում կայացած ուժային եռամարտից հաղթական մեդալներով հայրենի գյուղ վերադարձող հաղթանակած եռյակին՝ Արթուր Առաքելյանին, Սամվել Հարությունյանին, աշխարհի բացարձակ չեմպիոն դարձած մարզիչ, Գինեսի ռեկորդակիր Արտյոմ Սոլոյանին:
 
Մեծ թե փոքր շտապում էին պահ առաջ ձեռքսեղմումով իրենց ոգևորությունն ու հպարտությունն արտահայտել՝ ի տես աշխարհի Հայոց եռագույնը Ուկրաինայում ծածանելու համար: 
 
Համընդհանուր ուրախության մեջ, սակայն, մի ստվեր կար. մեծավանցիներին զարմացրել ու վիրավորել էր մարզային իշխանության քար անտարբերությունը: 
 
Լոռու մարզպետարանի քար անտարբերությունից տղաները ոչ միայն չէին ընկճվել, այլև ավելին հուլիսի 7-ին կրկին պատրաստվում են Հայաստանի դրոշի ներքո ներկայանալ Բաթումիում՝ Սևծովյան երկրների բաց առաջնությանը՝ հավատով, որ գոնե այս անգամ մարզպետարանը կցուցաբերի իր աջակցությունը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ևս ոչ մի կերպ չարձագանքեց այս հաղթանակին, որը վերջին տարիներին մեծագույն տոն էր մեծավանցիների համար: Մինչդեռ թե՛ մարզպետարանը, թե՛ նշյալ նախարարությունը կոչված են կիսելու ազգաբնակչության հոգսն ու ուրախությունը: Չէ՞ որ մեր տղաները Հայաստան պետության վարկանիշն էին բարձրացել, ու նրանց խրախուսել, ոգևորել էր պետք՝ գոնե պարզ, մարդկային ուշադրությամբ:
 
Փոխարենը Մեծավանի համայնքապետ Սերյոժա Վարդանյանը արեց հնարավոր ամեն ինչ, որ մեծավանցիներին ու հաղթողներին չհամակի անտերունչ լինելու ցավը: Որպես գյուղի բնակիչ և որպես ավագանու անդամ ես լավ գիտեմ, թե  որքան դժվար է միայնակ օգնել, տեղ, գույք տրամադրել... Հպարտ եմ, որ Ս. Վարդանյանի նման համայնքապետ ունենք. մարդ, ով կարողանում է օգնել ու ոգևորել, որպեսզի այսպիսի հաղթանակները անտարբերության չմատնվեն:
 
 
Վահան ՓԵԹԱԿՉՅԱՆ
Մեծավան համայնքի ավագանու անդամ