ԲԴԽ նախագահի հրաժարականի և ՍԴ-ը ցրելու հարցը. դատական համակարգի բարեփոխու՞մ, թե՞ անձերի փոփոխություն

«Մեդիա» կենտրոնում հրավիրված՝ «ԲԴԽ հրաժարականի և ՍԴ ցրելու հարցը. դատական համակարգի բարեփոխո՞ւմ, թե՞ անձերի փոփոխություն» թեմայով քննարկման բանախոսներն էին «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը և «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը:
 
Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին, բանախոսներն ընդգծեցին, որ այս պաշտոնյայի անունը կապվում է հայաստանյան ընտրական համակարգի ձախողումների, ընտրական վեճերի անհաջողությունների հետ։
 
Գագիկ Հարությունյանը պետական պաշտոններ է զբաղեցրել բոլոր իշխանությունների օրոք։ Նա ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ 22 տարի (1996-2018 թթ․) զբաղեցրել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի կարծիքով՝  Գագիկ Հարությունյանը կարող էր շատ նշանակալի դեր խաղալ դատական համակարգում, բայց չխաղաց։ 
 
- Երբևէ ընտրական վեճերը արդարացի լուծում չունեցան, քանի որ բոլորին հայտնի էր, որ Սահմանադրական դատարանի 9 դատավորներն ինքնուրույն որոշում չէին կայացնում․ որոշիչ դերը Գագիկ Հարությունյանինն էր։ Նա դատական համակարգի կայացմանը խոչընդոտողներից էր,- ասաց Լուսինե Հակոբյանը։ 
 
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն էլ ուշացած որակեց Գագիկ Հարությունյանի հրաժարականը։ Ըստ նրա՝ միայն հրաժարականը բավարար չէ.
 
- Գագիկ Հարությունյանը պետք է պատասխան տա բոլոր բացթողումների համար։ Ամենաթողություն կլինի, պաշտոններ զբաղեցնելն ու հետո հրաժարական ներկայացնելը։ Ունեցել ենք անօրինականություններ, երբ նա ղեկավարել է Սահմանադրական դատարանը, չունենք որևէ ակտ, որ կայացվել է ժողովրդի օգտին։ Հարությունյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:
 
Բանախոսների համոզմամբ՝ թե՛ Բարձրագույն դատական խորհրդում, թե՛ Սահմանադրական դատարանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք պետք է հետևեն Գագիկ Հարությունյանի օրինակին՝ չսպասելով վեթինգի պաշտոնական գործընթացի մեկնարկին։
 
Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից, որոնցից 5-ը դատավոր անդամներն են: Արդյո՞ք ԲԴԽ կազմն ամբողջությամբ պետք է հրաժարական տա, թե այդուհանդերձ, այն կկարողանա անկախ գործել։ Հարցի վերաբերյալ բանախոսները միակարծիք չեն։
 
Լուսինե Հակոբյանի պնդմամբ՝ թեև լուրջ փոփոխությունների կարիք կա ԲԴԽ-ում, սակայն կառույցի բոլոր անդամների հրաժարականն այս պահին պահանջելն իրատեսական չէ՝
 
- Եթե հիմա հրաժարական տան, ովքե՞ր են լինելու նրանց փոխարինողները, ԲԴԽ անդամ 5 դատավորները պետք է ունենան 10 տարվա աշխատանքային փորձ, դժվար գտնվի դատավոր, որն աշխատում է 2009-ից և անբիծ կենսագրություն ունի։ Այս պահին չենք կարող գնալ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Ավելի իրատեսական է օրենք ընդունել վեթինգի մասին, դատական օրենսգրքում փոփոխութուններ կատարել, որոնց միջոցով հնարավոր կլինի ստեղծել այնպիսի խորհրդակցական մարմին, որը կարող է հակակշռել ԲԴԽ-ին:
 
Քննարկման մյուս բանախոս Մարինա Պողոսյանի դիրքորոշումն ավելի կոշտ է․ 
 
- Եթե ԲԴԽ-ի լինել-չլինելով ոչինչ չի փոխվում, ապա ԲԴԽ ամբողջ կազմը պետք է հրաժարական տա, պետք է ստեղծել անցումային մարմին:
 
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործունեությանը՝ բանախոսներն ընդգծեցին, որ նա եղել է Սերժ Սարգսյանի ռեժիմի կարկառուն ներկայացուցիչը։ Ուղիղ թելերով կապված լինելով նախկին իշխանությունների հետ՝ չի կարող դավաճանել նրանց։ 
 
- Հրայր Թովմասյանը չի կարող դավաճանել պապային, փարավոնները որ մահանում են, ստրուկներին էլ իրենց հետ պետք է թաղեն,- ասաց Մարինա Պողոսյանը։ 
 
Լուսինե Հակոբյանն էլ ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի պատմության մեջ չի եղել ավելի հեղինակազուրկ նախագահ, ինչպես Հրայր Թովմասյանը։