Համատեղելով ջանքերը

«Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները հայտարարություն են տարածել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ (ՀԱՀ) քաղաքական խորհուրդ ձևավորելու մասին: Նրանց իսկ ձևակերպմամբ՝ նշյալ կուսակցությունները «որոշում են համատեղել իրենց ջանքերը՝ արդար, բարեկեցիկ, հզոր և ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն կառուցելու գործում և նախաձեռնում են «Համահայկական Ազգային Համաձայնություն» քաղաքական դաշինքի ձևավորումը՝ գաղափարական ութ հիմնադրույթների հիմքով»։
 
Քաղաքական այս 4 միավորները «անհրաժեշտություն են տեսնում ձևավորել քաղաքական և հասարակական ուժերի գաղափարական միավորում, որը կքննարկի երկրի առջև ծառացած խնդիրները և կառաջարկի մարտավարական ու ռազմավարական լուծումներ»։ «Համահայկական Ազգային Համաձայնությունը» բաց է բոլոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար, որոնք համակարծիք են  դաշինքի սկզբունքային հիմնադրույթների հետ։
 
- Արձանագրելով Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում համակարգային և հայեցակարգային մոտեցումների բացակայությունը, արձանագրելով Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունների կողմից Հայաստանի Հանրապետության երեք նախագահների ղեկավարման տարիների (1991-1997թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․) անօրինական գործընթացներին քաղաքական գնահատական տալու չկամությունը, արձանագրելով կառավարման անարդունավետությունը, կեղծիքներով ընդունված գործող Սահմանադրության վտանգները, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում ազգային ինքնու-թյան և ազգային արժեքների ոտնահարումը, արձանագրելով Հայաստանի Հանրապետությունում արատավոր վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի առկայությունը, և համարելով, որ անհրաժեշտ է այդ համակարգի ապամոնտաժումը՝ իշխանության բոլոր թևերի տարանջատումն ապահովող իրակա՛ն ժողովրդավարական պետություն կառուցելու համար, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ քաղաքական դաշինքը առաջնահերթ է համարում հետևյալ քաղաքական ՕՐԱԿԱՐԳԸ՝
 
- Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանը նպաստող ծրագրերի և գործողությունների մշակում,  
 
- Հայաստանի Հանրապետության նո՛ր Սահմանադրության մշակում,
 
- Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեով հաստատելու ժողովրդական պահանջ,
 
- Հայաստանի Հանրապետության նո՛ր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին նո՛ր օրենքի ընդունում,- նշված է հայտարարության մեջ:
 
Հայրենիքի իր տեսլականը ՀԱՀ-ը ամփոփել է 8 հիմնադրույթներում, որի նախաբանն ընդգծում է, որ քաղաքացիական հարթակը պետք է ստանձնի պետության պատվիրատուի դերը, իսկ պետությունը՝ կատարողի՛: