Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը

ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ՝ ՀՆՉԵՑՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Ուշադրություն՝ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որտեղ մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի շահը ներդաշնակ է հանրության շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի օջախի շահը ներդաշնակ է հայրենիքի շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական արժանապատվությունն ու ազատությունը ներդաշնակ են հանրության արժանապատվության և հայրենիքի ազատության գաղափարների հետ։ Սա է նոր Հայաստանի արժեքային վերափոխման կարևորագույն օրակարգերից մեկը, և հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018 թվականի գարնանը հանգեցրեց համահայկական հեղափոխության, երբ մարդիկ իրար ընկալում էին որպես հարազատ, երբ ժողովուրդն իրեն ընկալում էր որպես մի մեծ, երջանիկ, համերաշխ ու հաղթական ընտանիք։
 
Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը վստահորեն կարող է ասել և պիտի ասի՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Ընդ որում, սա պիտի դառնա նոր ժամանակների համահայկական կարգախոս, ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդն անընկճելի է ու անպարտելի։
 
...Շատ են ասում, թե կապիտալը և ներդրումը հայրենիք չունի, բայց կրկին ու կրկին ինձ թույլ կտամ չհամաձայնվել նման ձևակերպման հետ, որովհետև հայկական կապիտալը հայրենիք ունի, և այդ հայրենիքը Հայաստանն է, և այդ հայրենիքը Արցախն է։ 
 
Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են, օրինակ, Թումո կենտրոնները ստեղծվել Հայաստանում ու Արցախում և այստեղից են տարածվում դեպի Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա։
 
Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են smart center-ները ստեղծվում Հայաստանում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Շառլ Ազնավուրի ընտանիքը որոշել նրա կենտրոնական տուն-թանգարանը ստեղծել Հայաստանում։
 
Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր Քըրք Քըրքորյանը 100 մլն դոլար   նվիրաբերում Հայաստանի զարգացման գործին։
 
Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր անկախության առաջին օրերից ի վեր Վաչե Մանուկյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում Հայաստանի Հանրապետությունում։
 
Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետությունում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում։ Եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Վարդան Սրմաքեշը Հայաստանում և Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում և զարգացման ծրագրեր իրականացնում։
 
Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդնում Հայաստանի Հանրապետությունում։
 
Եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է «Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանը իր նոր գործարանները կառուցում հայրենի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում՝ սահմանի ամենաեզրին հազարավոր աշխատատեղեր ստեղծելով սահմանամերձ գյուղերի բնակիչների համար։ Այս ցանկը դեռ կարելի է շարունակել...