Ամուլսարը կշահագործվի 2021-ից՝ եթե…

- Սիրելի ջերմուկցիներ, խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները,- քիչ առաջ ֆեյսբուքյան տեսակապով հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով իր այս որոշման հիմնավորումները և հավելելով՝
 
-  «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի  հանքը կսկսի շահագործել  2020թ-ի վերջին կամ 2021 թվականի սկզբին, եթե այս հարցը վերջնական լուծում ստանա:
 
- Այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելող որևէ պատճառ չկա,- ասել է Ն. Փաշինյանը:
 
Հիշեցնենք, որ այս ուղիղ եթերին նախորդել էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը՝ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարության մասնակցությամբ: 
 
Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, ԷԼԱՐԴ ընկերության կողմից  իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկմանը, տեսչական ստուգումներին վերաբերող և այլ հարցեր:
 
Վարչապետի հետ հանդիպման ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները նշել են, որ եթե  տարածք մտնելու թույլատվություն ստանան, ապա 2020 թվականի ապրիլից հանքավայրում կկարողանան շինարարական աշխատանքներ սկսել՝ կախված եղանակային պայմաններից, իսկ 2021 թվականի սկզբից կարող են սկսել հանքի շահագործումը:
 
Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է մինչև 2020 թվականի մայիս  ձեռք բերել համապատասխան սարքավորումներ `բնապահպանական ստանդարտների խախտումներն հայտնաբերելու համար, որոնք կարող են առաջանալ հանքի հնարավոր  շահագործման ընթացքում:
 
Լուսանկարը՝ econews. Am-ի