ժեստերի լեզուները ևս բազմաթիվ տարատեսակներ ունեն
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կազմակերպած՝ հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումը առաջին անգամ կլոր սեղանի շուրջ էր հավաքվել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչների:
Մասնագետների դիտարկմամբ՝ աշխարհում այսօր օգտագործվում են շուրջ 300 ժեստերի լեզուներ, որոնցից մեկը հայերեն ժեստերի լեզուն է:
Մասնակցելով քննարկմանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և պատրաստակամություն է հայտնել ավելի մանրամասն ծանոթանալու առկա խնդիրներին և լուծումների առաջարկներ քննարկելու:
- Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումը կարևոր թեմա է, որը մեր նախարարության ուշադրության առանցքում է: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք փոքր փոփոխություններով, որակական մեծ հաջողություններ գրանցել, քայլ առ քայլ առաջ գնալ, օգնել լսողական խանգարում ունեցող երեխաներին ստանալ մասնագիտական կրթություն: Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչներ պատրաստելու համար, կարծում եմ, կարելի է սկսել ոչ ֆորմալ կրթության ձևաչափից: Այսինքն՝ թարգմանիչներն անցնեն վերապատրաստումներ, մասնակցեն դասընթացների. սկզբնական փուլում կարելի է հաշվի առնել նաև արտերկրի մասնագետների փորձը,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Հաշվի առնելով, որ հայերեն ժեստերի լեզվի մասնագետների (ոչ մանկավարժների) պատրաստման համար չկան միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր՝ փոքր է նաև թարգմանիչների թիվը: Հենց այս պատճառով էլ խուլ և թույլ լսող անձինք բախվում են բազմաթիվ դժվարությունների հասարակական տարբեր հարաբերություններում, օրինակ, կրթություն ստանալիս, պետական ծառայություններից օգտվելիս և այլն:
Քննարկմանը ներկա է եղել նաև Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը:
Նրա խոսքով՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում բոլորը միմյանց հասկանում են, սակայն պատկերն այլ է դպրոցի պատերից դուրս, քանի որ ժեստերի լեզվին տիրապետում են շատ քչերը, և լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար հաղորդակցվելը դառնում է անհնար։
- Բուհերում, օրինակ, լսողության խանգարում ունեցող երեխաները հաղորդակցվելու են ժեստերի լեզվով, սակայն այստեղ մեծ խնդրի են բախվում, քանի որ այդ հաստատություններում, ցավոք, չկան համապատասխան մասնագետներ։ Բազմաթիվ տեղերում մեր երիտասարդներն ընդգրկված չեն, քանի որ հաղորդակցման խնդիր կա։ Հիմնականում կրթահամալիրն ավարտող սաներին օգնում են ուսուցիչները, այդ թվում՝ ժեստերի լեզվի ուսուցիչը, սուրդոթարգմանիչը։ Ծնողները, որոնք տիրապետում են ժեստերի լեզվին, նույնպես աջակցում են երեխաներին՝ հաղորդակցման խնդիրներից խուսափելու համար,- ասել է Լուսինե Բաբայանը։
Նա համոզված է՝ չլսող մարդկանց լիարժեք հաղորդակցման անջրպետը հաղթահարելու առաջին լուծումը ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպումն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թարգմանիչներին միասնական վկայագրեր տրամադրելու, ՀՀ-ում, մասնավորապես Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում սուրդոթարգմանիչներ պատրաստող կրթական ծրագիր ներդնելու, ոլորտի այլ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Նշվել է, որ խնդիրն ավելի խորքային է, քանի որ չկա մեկ միասնական ժեստերի լեզու, որն օգտագործվում է ամբողջ աշխարհում: Խոսակցական լեզուների նման ժեստերի լեզուները ևս զարգացել են մարդկանց տարբեր խմբերի միջոցով, որոնք շփվում են միմյանց հետ, ուստի կան բազմաթիվ տարատեսակներ:
Խուլ և թույլ լսող անձինք ու նրանց ներկայացնող կազմակերպությունները, հայերեն լեզվի թարգմանիչները, ուսումնական հաստատությունները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները համընդհանուր ներառման խնդիրների վերաբերյալ: