«Հրետանավորի օրագիրը»

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կկայանա Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» գրքի շնորհանդեսը։
 
Ալբերտ Մկրտչյանը 44-օրյա պատերազմի ընթացքում, որպես զորակոչիկ, մասնակցել է Ջրականի (Ջաբրայիլ) ծանր մարտերին: Հեղինակը օրագրային համառոտ ձևաչափով վավերագրել է պատերազմն՝ առանց հատուկ «գեղարվեստականության», իր բնական խոսքով: Գիրքը ոչ այնքան ռազմական իրադարձությունների ու մարտերի մասին է, որքան՝ երիտասարդ զինվորների կյանքի ու «առօրյա» պատերազմի մասին։
 
Միջոցառմանը ներկա են լինելու նաև Ալբերտի զինակից ընկերները։
 
Շնորհանդեսի ընթացքում խոսքով հանդես կգա Ալբերտ Մկրտչյանը, ինչպես նաեւ գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու գրքի նախաբանի հեղինակ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը։
 
Միջոցառման վերջում «Կողբ» հիմնադրամն ու «Մարտական եղբայրություն» միաբանությունը կազդարարեն Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթի մեկնարկի մասին: 
 
«Հրետանավորի օրագիրը» գրքի հրատարակությունն ու շնորհանդեսը հնարավոր են դարձել «Մարտական եղբայրություն» միաբանության, «Կողբ» հիմնադրամի, «Անտարես» հրատարակչության աջակցության և հանրային հանգանակության շնորհիվ։