«Քույր-դպրոցներ» ծրագիրը կամփոփվի ինքնատիպ համերգաշարով

Դեկտեմբերի 18-ին, 21-ին և 23-ին Երևանում կիրականացվեն Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի տարեկան եզրափակիչ համերգ-միջոցառումները:
 
Դեկտեմբերի 18-ինԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգաշարի բացումը, որի ընթացքում «Հայրենիք՝ Հայաստան» խորագրով ցուցահանդեսով կներկայանան Երևանի և ՀՀ մարզերի արվեստի դպրոցների սաները (շուրջ 80 աշխատանք): Այնուհետև, երեկոյան կկայանա գալա-համերգը՝ ծրագրի շրջանակում առավել աչքի ընկած մասնակիցներից բաղկացած համույթների և նվագախմբերի կատարումներով։
 
Դեկտեմբերի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մենակատարների համերգ՝ կրկին Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողների մասնակցությամբ: Իսկ դեկտեմբերի 23-ին  Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի համերգասրահում կկայանա «Քույր դպրոցներ» ծրագրի մենակատարների և համույթների ամփոփիչ համերգը:
 
- Ծրագրի նպատակը մշակութային կրթության ոլորտի շարունակական զարգացումն է, ոլորտի գրավչության մեծացումը, համատեղ ստեղծագործական աշխատանքի, գործնական հմտությունների ձեռքբերման, ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման, փորձի փոխանակման հարթակների ձևավորումն ու դրանց գործունեության միջոցով ոլորտի համաչափ, ներդաշնակ և հավասարաչափ զարգացման ապահովումը,- նշում են ծրագրի նախաձեռնողները։
 
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականին կայացավ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը։ Կարևորելով ծրագրի դերակատարությունը մշակութային կրթության ոլորտի զարգացման գործում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2019-2021թթ. աջակցեց ծրագրի միջոցառումների կազմակերպմանը, իսկ արդեն 2022 թվականից, հաշվի առնելով գրանցած հաջողություններն ու ծրագրի առջև դրված նպատակների հետևողական իրագործման արդյունքները, այն ընդգրկվեց ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում՝ որպես նպատակային կրթական ծրագիր:
 
Ծրագրի շրջանակներում Երևանի և ՀՀ մարզերի 60 երաժշտական և արվեստի դպրոցների միջև ստեղծվել են ստեղծագործական, փորձի փոխանակման, համատեղ համերգային ծրագրերի իրականացման, ուսումնամեթոդական աջակցության նոր կապեր: 2019-2022թթ. Ծրագրի այցելությունների փուլում կազմակերպվեցին համերգներ, վարպետության դասեր, համատեղ համերգային ծրագրերի կազմակերպմամբ, հայրենաճանաչության բաղադրիչ ունեցող՝ այցելություններ պատմամշակութային վայրեր և թանգարաններ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
 
Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: