«Ակսել Բակունցի թողած գրական ժառանգությունը մեր իրականության և կյանքի մի մասն է». Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Գորիսում այսօր տրվել է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների մեկնարկը: 
 
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցականներ:
 
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է հոբելյանի կապակցությամբ և ընդգծել՝ Բակունցի ծննդյան օրը, իսկապես, համաքաղաքային տոնի է վերածվում, իսկ այդ պատվին քիչ գրողներ են արժանանում.
 
- Սա խոսում է Բակունցի թողած արժեքների, գրական ժառանգության և ստեղծագործությունների արդիականության մասին. դրանք ապրում են և մի մասն են մեր իրականության և կյանքի: Սա, թերևս, ամենակարևորն է, որով մենք կարող ենք արժևորել և շարունակել այն կարևոր ուղին, որը սկսել էր և, ցավոք, վաղ տարիքում կիսատ մնաց Բակունցի համար: Անձամբ ինձ համար Ակսել Բակունցն իր առանձնահատուկ տեղն ունի հայ գրողների շարքում: Դեռ դպրոցական տարիներից նա իմ ամենասիրելի գրողներից է: Այն նրբությունն ու նրբանկատությունը, որով տեքստը, կարծես, դառնում է երաժշտություն, յուրաքանչյուրիս սովորելու և մտածելու տեղ է տալիս,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
 
Դիմելով միջոցառմանը ներկա դպրոցականներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առաջին հերթին դպրոցում պետք է ամենայն խորությամբ և մանրամասնությամբ ուսումնասիրել մեր կարևոր հեղինակներին, որոնցից մեկն էլ Բակունցն է: 
 
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով Բակունցի արվեստը և գրական ժառանգությունը, շեշտել է՝ նա նոր գույն է բերել հայկական արձակին, և դպրոցականներն անպայման պետք է շատ կարդան Բակունց. «Բակունցի լեզուն և պատմելու ոճը երևակայական աշխարհներ են բացում. ես ինքս դեռ պատանի տարիքից եղել եմ Մթնաձորում, նրա նկարագրած անտառում և դաշտում: Բակունցն ինքը բնության մի կտոր է: Նրա ոսկեղենիկ հայերենի լեզվի ուժը մեզ անհրաժեշտ է, քանզի գեղեցիկ լեզուն նաև սիրո և միմյանց հարգելու հարաբերությունների ստեղծման ամուր հիմքն է»:
 
 
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ արդեն ավելի քան մեկ դար Գորիս ասելիս պատկերացնում ենք Բակունցին, իսկ Բակունցի անունը լսելիս մեր աչքի առաջ հառնում է Կյորեսը՝ իր չքնաղ գույներով և արևին ձգտող բնակիչներով:
 
- Այստեղ՝ Գորիսում, ծիրանափողը դեռ հնչում է, Միրոն պատմություններ է պատմում, իսկ ալպիական մանուշակը բուրում է: Կարծում եմ, որ հենց այստեղ բոլորս մտովի խոստանալու ենք ինքներս մեզ՝ ի հիշատակ Բակունցի սիրել, պահպանել և փայփայել այս հողը,- նշել է Սյուզաննա Խոջամիրյանը:
 
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղի վարիչ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, ինչպես նաև թանգարանի ենթակառուցվածքային պայմաններին: Վարդան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ փորձում են ավելի մեծ թվով դպրոցականների և այլ այցելուների ներգրավել՝ ներկայացնելով Բակունցի գրական ժառանգությունն ու ապրած կարճ, սակայն բովանդակալից ու ողբերգական կյանքը: 
 
Քննարկվել են նաև թանգարանի այգում մոդուլային սրահի կառուցման մանրամասները, որի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Սա հնարավորություն կտա միջոցառումները պատշաճ կազմակերպել ոչ միայն ամռանը՝ բակում, այլև ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ եղանակային պայմաններից:
 
Հոբելյանական օրվա շրջանակում թատերական ներկայացումներով հանդես են եկել Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, տեղի է ունեցել համերգային ծրագիր, հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ, ինչպես նաև կայացել են ARLOOPA հավելվածով Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի և «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները: Միջոցառումներն ուղեկցվել են հյուրերի հետ զրույց-քննարկումներով, երեխաների համար խեցեգործության, նկարչության վարպետության դասերով։