Արաբական և եվրասիական սալերի բախման գոտում ենք
ՍՈՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ ՀԱՃԱԽԱԿԻԱՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ՄԱՍԻՆ
Մենք ոչ մի արտառոց իրավիճակի հետ գործ չունենք, քանի որ գտնվում ենք սեյսմաակտիվ գոտում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում մեր տարածաշրջանում հաճախակիացած երկրաշարժերին։

- Հիմա մենք տարածաշրջանում ունենում ենք բնակչության կողմից հաճախ զգացված երկրաշարժ, բայց իրականում ունենում ենք ոչ թե մեկ երկրաշարժ, այլ բազմաթիվ շատ թույլ երկրաշարժեր, միկրոերկրաշարժեր, որոնք միայն սարքերն են գրանցում, պարզապես, երբ բնակչությունը զգում է այդ երկրաշաժերը՝ նոր միայն հիշում է, որ սեյսմաակտիվ գոտում ենք, պատահական չէ, որ կարճ ժամանակահատվածում 2-րդ միջին ուժգնության երկրաշարժն է տեղի ունեցել։
Հարցին, թե արդյոք երկրաբանական կամ տեկտոնիկ փոփոխությունների հետ գործ ունենք՝ Մարգարյանը պատասխանեց, որ մենք գտնվում ենք արաբական և եվրասիական սալերի բախման՝ կոլիզեայի գոտում, սրանով է պայմանավորված տարածաշրջանի սեյսմիկությունը։
- Երբ տեղի է ունենում լարվածության կուտակում՝ հետևում է լարվածության անջատում, սրանով պայմանավորված էլ տեղի են ունենում երկրաշարժեր, որոնց մի մասը զգացվում է, մի մասը՝ ոչ։ Եթե տեղի են ունենում թույլ երկաշարժեր, ապա հաճախ կուտակված էներգիան մարում է, բայց նաև պետք է հաշվի առնել, որ կա ոչ միայն «հետցնցում» հասկացությունը, այլև «նախացնցում» հասկացություն, որը ենթադրում է, որ այս փոքր ցնցումները մեծ երկրաշարժի նախապատրաստում կարող է լինել։
Մեր կենտրոնը 24 ժամյա մոնիթորինգ է իրականացնում, սա ենթադրում է, ոչ միայն սեյսմիկ ցանցերի միջոցով ուսումնասիրություն, այլև մյուս երկրաֆիզիկական՝ հորատ անցքերի ջրերի փոփոխություն, հանքայնացված ջրերի մոնիթորինգ ենք իրականացնում։ Այսինքն երկրաֆիզիկական մոնիթորինգ ենք անում և տալիս մեր գնահատականը։ Երբ Երևանի շրջայակքում 3.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է լինում, բնակչության մոտ վախի զգացում է առաջանում, բայց պետք է հիշել, որ 3.5-ը թույլ երկրաշարժ է։ Մտահոգությունները, կարող են վերաբերել ուժեղ երկրաշարժերին։ Մեր գնահատականներով՝ այս պահին մեծ մտահոգության առիթ չունենք,- վստահեցրեց նա։
Աղբյուր` Փաստինֆո