Փիլիսոփայության համաշխարհային 25-րդ վեհաժողովը՝ Հռոմում
Մասնագիտական նեղ շրջանակներից բացի, թերևս, քչերն իմացան, որ Հռոմում կայացած Փիլիսոփայության համաշխարհային 25-րդ կոնգրեսում մեծ հետաքրքրության են արժանացել նաև հայ մասնակիցների զեկուցումները։
Ուշադիր ընթերցողին և հայ փիլիսոփայական մտքի առաջընթացով հետաքրքրվողներին անտարբեր չէր կարող թողնել Հայոց փիլիսոփայական ակադեմիայի գլխավոր գիտական քարտուղար Հովհաննես Հովհաննիսյանի սոցցանցային վերջին գրառումներից մեկը՝ նշյալ վեհաժողովի վերաբերյալ։
Իսկ գրառումն այդ ավետում էր, որ օգոստոսի 1-8-ը Հռոմի Սապիենզա (թարգմանաբար՝ «իմաստություն») համալսարանում Փիլիսոփայության համաշխարհային 25-րդ կոնգրեսը միավորել էր 109 երկրների 5700 փիլիսոփաների։
Բարձր մակարդակով կազմակերպված համաժողովի 100-ից ավելի թեմատիկ քննահարթակներում զեկույցներով հանդես եկան ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող դեմքեր, այնպես էլ երիտասարդ խոստումնալից հետազոտողներ։ Մտքերի, հայեցակարգերի, գաղափարների ներկայացման, փոխանակման ու քննարկման հրաշալի հնարավորություն։
Հայաստանը ներկայացնում էին Երևանի պետական համալսարանի դոցենտ, գիտահետզոտական խմբի ղեկավար, Հայաստանում ֆրանսիական համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ ՀՓԱ գլխավոր գիտական քարտուղար Հովհաննես Հովհաննիսյանը («Հռետորաբանության ավանդական և ժամանակակից հայեցակարգերի համեմատական բնութագիրը»), փիլիսոփայության դոկտոր, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ակադ․ Գ․ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, ՀՓԱ փոխնախագահ Հասմիկ Հովհաննիսյանը («Փաստարկման երևանյան դպրոցի կողմից մշակված տեսական, մեթոդաբանական և հայեցակարգային հիմնադրույթները»), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայ-Ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը («Հայ միջնադարյան փիլիսոփայության համադրական բնույթը ազգային ինքնության զարգացման համատեքստում»), մ․ գ․ թ., Երևանի բժշկական ինստիտուտի Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Աշոտ Մանուկյանը (Մարդու շարունակական ինքնակատարելագործման վերաբերյալ Գրիգոր Նարեկացու փիլիսոփայական գաղափարները և «Կոմիտաս Վարդապետի էկոլոգիական գաղափարների փիլիսոփայությունը»), փ. գ. թ., դոցենտ, ԵՊՀ փիլիսոփայություն կրթական ծրագրի ղեկավար Սիլվա Պետրոսյանը («Փիլիսոփայությունը որպես աստվածանմանություն. Դավիթ Անհաղթ»), Հայստանում ամերիկյան համալսարանի դասախոս Արշակ Բալայանը («Հայ փիլիսոփաների գործունեությունն այսօր»), ԵՊՀ դոցենտ Արման Ղարագուլյանը («Հայաստանը հետխորհրդային իրողություններում. Փիլիսոփայական հետազոտություններ»), ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ, ԵՊՀ աշխատակից Աստղիկ Պետորոսյանը («Քաղաքական մասնակցության առանձնահատկությունները տեղեկատվական հասարակությունում․ հայաստանյան իրողություններ»), փ․ գ․ թ․ Սոնա Դավթյանը («Հայկական միջնադարյան ժառանգությունը և բիոէթիկայի ժամանակակից հիմնահարցերը»)։ Ուշագրավ զեկուցում ներկայացրեց ԱՄՆ Կոնեկտիկուտի պետական համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանը («Ժխտողականությունը և դրա հետևանքները. Էպիստեմիկ ժառանգականությունը արդարության մասին՝ ազգային նարատիվներում»)։
Հայ փիլիսոփաների կապերն արտասահմանյան գործընկերների հետ ու մասնակցությունը միջազգային գիտաժողովներին մշտապես նշանակալից են եղել։ Այդուհանդերձ, այս կոնգրեսին հայ հետազոտողների մասնակցությունն առավել ներկայանալի էր։ Հայասատանի բուհական և ակադեմիական հաստատությունները ներկայացնող մեկ տասնյակից ավելի գործընկերներ ուշագրավ զեկուցումներ ներկայացրեցին Կոնգրեսի տարբեր թեմատիկ հարթակներում։
Հայոց փիլիսոփայական ակադեմիան (ՀՓԱ), որն 2022թ-ից անդամակցում է Փիլիսոփայական ընկերությունների միջազգազգային դաշնությունը (FISP), Կոնգրեսի շրջանակներում նախաձեռնել էր նաև քննահարթակ (սեկցիա)՝ «Փիլիսոփայական հետազոտությունները Հայաստանում» խորագրով։ Հնչեցին տասնյակից ավելի ելույթներ ու զեկուցումներ՝ հայ փիլիսոփական մտքի արժեքավոր ժառանգության, ներկա փուլի միտումների, ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականության, ազգային ինքնության, էթիկայի, բիոէթիկայի, փաստարկման և հռետորիկայի առնցքային հարցերի վերաբերյալ։
Քննարկումներին հայ մասնագետներից բացի մասնակցում էին նաև արտասահմանյան հայտնի ակադեմիական հասատություններ ներկայացնող՝ կայացած և երիտասարդ հետազոտողներ, հայագետներ, դիվանագետներ։
ՀՓԱ քննահարթակի աշխատանքներին մասնակցում էին և փիլիսոփայական գիտելիքի զարգացման գործում ունեցած նշանակալից ավանդի համար ՀՓԱ «Դավիթ Անհաղթ» մեդալով պարգևատրվեցին Փիլիսոփայական ընկերակցությունների դաշնության նախագահ, Կոնգրեսի աշխատանքների ընդհանուր համակարգող Լուկա Սկարանտինոն, Դուբլինի համալսարանի պրոֆեսոր Մարիա Բաղրամյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Պոլ Պողոսյանը։ Պարգևները հանձնեց ՀՓԱ փոխնախագահ, դոկտոր Հասմիկ Հովհաննիսյանը։
Օգոստոսի 6-ի երեկոյան ՀՖԱ նախագահության անունից Գաբրիել Չեմբերջյանի մեկենասությամբ տեղի ունենցավ քննահարթակի մասնակիցների ընդունելություն, որին մասնակցություն բերեցին նաև Ժնևի համալսարանի հայագիտության միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին, Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, փոխդեսպան Մարիետտա Ստեփանյանը, Վատիկանում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը։
Օգոստոսի 8-ին Կոնգերսի աշխատանքներն ավարտվել են գունեղ տոնախմբությամբ և որոշվել է հաջորդ Կոնգերսը կազմակերպել 2028թ․ Ճապոնիայում։