Միջազգային հյուրերի դասախոսություններով տրվել է «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնի մեկնարկը

Արտերկրից ժամանած 9 ճարտարապետական ստուդիաների լավագույն ճարտարապետների դասախոսություններով տրվել է «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնի մեկնարկը։ Փառատոնն այս տարի կտևի մինչև սեպտեմբերի 6-ը։
 
Այս տարվա փառատոնին դասախոսություններով և քննարկումների շարքով հանդես կգան միջազգային ճանաչում ունեցող ինը ճարտարապետական ստուդիաների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ FALA (Պորտուգալիա), (ab)Normal (Իտալիա), WOJR (ԱՄՆ), Dinelljohansson (Շվեդիա), Bajet Giramé (Իսպանիա), Lütjens Padmanabhan (Շվեյցարիա), AMUNT (Գերմանիա), Meganom (ՌԴ) ստուդիաները և HEAD - Genève (Շվեյցարիա) համալսարանը: 
 
Փառատոնային միջոցառումները կանցկացվեն Կոմիտասի անվան կամերային տան շենքում, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում և Common Grounds հարթակում: 
 
- «Նպատակ» փառատոնով մենք Հայաստան ենք բերում համաշխարհային ճարտարապետական լավագույն միտքը՝ միաժամանակ աշխարհին ցույց տալով հայ տաղանդների հարուստ ներուժը: Մենք հավատում ենք, որ համագործակցության և բաց երկխոսության միջոցով մենք կարող ենք ոգեշնչել ճարտարապետների նոր սերնդին և նպաստել հայկական ճարտարապետության առաջխաղացմանը միջազգային հարթակներում։ Ուրախ ենք, որ այս տարվա փառատոնին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 500 մարդ, ինչը հիանալի ցուցանիշ է,-նշում է «Նպատակ» կրթական նախաձեռնության համահիմնադիր Հայկ Շահինյանը։ 
 
Lütjens Padmanabhan (Շվեյցարիա) ստուդիայից ճարտարապետ Օլիվեր Լյութիենսը փաստում է՝ ուրախ է գտնվել Հայաստանում։ Արդեն հասցրել է քայլել քաղաքով, տեսնել մեր երկրի ճարտարապետությունը։ 
 
- Մեզ համար նման փառատոները հնարավորություն են՝ տեսնելու, թե ինչպես է ճարտարապետությունը զարգանում տարբեր երկրներում։ Ճարտարապետությունն ընդգրկում է ամենատարբեր ոլորտները։ Այն յուրատեսակ լեզու է, և մենք ուրախ ենք խոսելու հենց այս լեզվով։ Յուրաքանչյուր երկրում գտնվելուց մենք գիտելիքներ ենք քաղում, որոնք հետագայում օգտագործում ենք մեր գործունեության մեջ։ Հայաստանի պարագայում էլ, վստահ եմ, այդպես կլինի,- նշում է նա։
 
«Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին մի խումբ ճարտարապետների կողմից։ «Նպատակ»-ի հիմնադիրներներն են Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանը, Արմեն Հակոբյանը և Արինե Քեշիշին: Այն հարթակ է, որի նպատակն է զարգացնել ճարտարապետական կրթությունը և խթանել հայկական ճարտարապետության, երիտասարդ տաղանդների միջազգային տեսանելիությունն ու մրցունակությունը։