«Հստակ դիրքորոշմամբ և գործուն քայլերով հակադարձել հայ ժողովրդի հոգևոր ինքնության դեմ ուղղված մարտահրավերին»
Երևանում հրավիրված կլոր սեղանի մասնակից մտավորականները քննարկման քննարկման արդյունքում դիմում են հղել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու չորս նվիրապետական աթոռների հոգևոր առաջնորդներին։
«Ադրբեջանի բռնապետ Ալիևի վարչախումբը շարունակում է հետևողականորեն յուրացնել Հայոց ժառանգությունը։ Նման ոտնձգություններից մեծագույնը, թերևս, Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադիր հայրերից Բարդուղիմեոս առաքյալի նահատակության վայրի «աղվանացման» և «ադրբեջանացման» փորձն է։
Ս․/թ․ օգոստոսի 18-19-ին ՌԴ նախագահի Բաքու կատարած պետական այցի օրերին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի ու Ադրբեջանական Հանրապետության նախագահ Ալիևի ներկայությամբ, Բաքվի, և Ադրբեջանի ռուսական ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ Ալեքսին, վստահաբար Ադրբեջանի իշխանությունների հորդորով և ՌԴ իշխանությունների համաձայնությամբ, արել է հետևյալ հայտարարությունը․
«Այստեղ է Բարդուղիմեոս առաքյալի մասունքների մի մասը։ Բաքվում է նա նահատակվել։ Առաքյալը Բաքվի, Ադրբեջանի ու այդտեղ ապրողների հովանավորն է»։
Սա ոչ միայն պատմական ու համայն քրիստոնեության արժեքների դեմ ուղղված կեղծիք է՝ հատուկ հնչեցված երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, այլև ուղենշային հայտարարություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ մշակութային, քաղաքական և տարածքային հետագա նկրտումների համար։
Մենք՝ 2024թ․ սեպտեմբերի 6-ին, Երևանում կայացած կլոր սեղան-քննարկման մասնակիցներս, դիմում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու չորս նվիրապետական աթոռների հոգևոր առաջնորդներին, հայ հարանվանական կառույցների ղեկավարներին, քրիստոնյա եկեղեցիներին և նրանց միջոցով համայն քրիստոնյա աշխարհին, հստակ դիրքորոշմամբ և գործուն քայլերով հակադարձել հայ ժողովրդի հոգևոր ինքնության դեմ ուղղված այս լրջագույն ու համադրված մարտահրավերին, զերծ պահել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին անհիմն ոտնձգություններից և թույլ չտալ երկուհազարամյա կայացած ավանդույթի և իրավունքի խաթարում»։
6 սեպտեմբերի, 2024թ․, ք Երևան